«Նախիջևանի, Գարդմանի, Բաքվի և Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը համատեղ կազմակերպել են կոնֆերանս՝ նվիրված Նախիջևանից, Գանձակից, Շահումյանից, Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերից բռնի տեղահանված հայերի իրավունքներին։

1988-1992 թվականների ընթացքում Նախիջևանից, Գարդմանից (Գանձակ, Շահումյան և այլն), Բաքվից ու Սումգայիթից բռնի տեղահանվել է ավելի քան 465,000 հայ (115,000 ընտանիք), որոնց մի մասը կարողացել է հաստատվել Հայաստանում, սակայն մեծ մասը ստիպված արտագաղթել է Ռուսաստան ու Եվրոպա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988-1992 թվականներին կազմակերպված այդ ահաբեկչական, ցեղասպանական գործողությունների հետևանքով նշված վայրերի բնիկ հայերը կորցրել են ոչ միայն նյութական հսկա չափերի ունեցվածք, այլև մեծ քանակի հոգևոր ու մշակութային ժառանգություն՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, դպրոցներ և այլն։ Հայերի կրած այդ կորուստների ընդհանուր արժեքը այսօրվա հաշվարկներով գերազանցում է 73 մլրդ դոլարը։

Համաժողովն ամփոփվեց հայտարարությամբ, որն ուղղված է բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությանը, պատմական արդարության վերականգնմանը:

Ստորև ներկայացնում ենք համաժողովի արդյունքում ընդունված պաշտոնական հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի բնակության և մշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունեն Նախիջևանը և Գարդմանը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել ու արարել է հայ ազգը։ Իսկ Բաքվում հայերի ներկայության մասին կան բազմաթիվ վկայություններ՝ փաստելով, որ այդ քաղաքը շենացրել են հենց հայ վարպետները և առևտրականները։ 

Հին և միջնադարյան պատմական իրողություններում Նախիջևանը և Գարդմանը հայկական պետականության կարևոր կենտրոններից էին։  1920-ական թվականներին խորհրդաբոլշևիկյան կամայական որոշումներով ամբողջ Արցախի հետ միասին նաև Գարդմանը և Նախիջևանը բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին (1921թ․ հուլիսի 5-ի ՌԿբԿ կովկասյան բյուրոյի որոշում և 1923թ․ հուլիսի 7-ի Խորհրդային Ադրբեջանի կենտգործկոմի որոշում)։ 

Խորհրդային Միության ամբողջ ժամանակաշրջանում Ադրբեջանը հետևողականորեն շարունակեց Նախիջևանի ու Գարդմանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը և հայերի նկատմամբ բռնաճնշումները։ Հայկական այս տարածքների հայրենազրկումը ավարտվեց 1988-92 թվականներին՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով։ 

1988-92 թվականներին մոտավոր հաշվարկներով Նախիջևանից, Գարդմանից, Բաքվից և Սումգայիթից բռնի տեղահանվեց ավելի քան 465,000 հայ։ Մոտ 115,000 հայ ընտանիք զրկվել է տնից։ Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով հայերից խլվել են ավելի քան 2000 արտադրական տարածք, 46,000-ից ավելի մեքենաներ, ավերվել կամ յուրացվել են հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ ու տասնյակ հազարավոր խաչքարեր։ 

Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ժխտել հայերի իրավունքները Նախիջևանում, Գարդմանում, Բաքվում և Սումգայիթում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և մարդու հիմնարար ազատությունները։ 

Մենք պահանջում ենք.

  1. Ադրբեջանի կառավարությունից.
    • Ճանաչել ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի բնիկ հայ բնակչության՝ մարդու հիմնարար իրավունքները,
    • Ապահովել տեղահանված բնակչության գույքային իրավունքների վերականգնումը,
    • Դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։

  1. Միջազգային հանրությունից.
    • Պարտադրել Ադրբեջանին՝ հարգելու իրենց բնօրրանից բռնի տեղահանված անձանց իրավունքները,
    • Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար,
    • Վերահսկել Ադրբեջանի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը։