Ակոռի գյուղ

Ակոռի հին գյուղատեղին գտնվում է Մեծ Արարատ լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, ներկայումս այն Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում է։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին՝ 481-484 հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ: Ըստ ավանդության Նոյ նահապետն այստեղ ուռենի է տնկել:

Ակոռի գյուղի մոտ դարեր շարունակ գործել է Սուրբ Հակոբ վանքը, որտեղ Նոյան Տապանի փայտի մի կտոր էր պահվում: Վանքը հայտնի էր նաև այնտեղ բխող սրբազան աղբյուրով, որի ջուրը բուժիչ և հրաշագործ էր համարվում:

Հակոբ Մծբնացի հայրապետը, որի անունով էլ անվանակոչվել է վանքը, 4-րդ դարի եկեղեցական գործիչ էր և համարվում էր Մեծ Հայքում Քրիստոնեությունը քարոզողներից մեկը: Նա պատմությանը հայտնի առաջին մարդն է, ով փորձել է բարձրանալ Արարատ լեռը և գտնել առասպելական Նոյան տապանի մնացորդները։

Լեգենդի համաձայն՝ Սուրբ Հակոբը բազմաթիվ անգամներ փորձել է բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու Նոյան տապանը, որը թաղված է սառույցի հաստ շերտի տակ։ Նա բարձրանում էր լեռը, ննջում և արթնանում էր լեռան ստորոտում, որտեղից սկսել էր բարձրանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո երազում Աստված նրան ասում է. «Այլևս մի փորձիր գտնել Տապանը։ Ես քեզ կտամ մի կտոր այն փայտից, որից Տապանը կառուցվել է»։ Երբ արթնանում է, ի զարմանս իրեն, կողքին գտնում է փայտը։ Սուրբ Հակոբը որոշում է վանք կառուցել այնտեղ, որտեղից գտել էր փայտը։

Ակոռիի կանգուն մնացած խաչքարերից

Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբ վանքը ներկայումս գոյություն չունեն, նրանք հիմնահատակ ավերվել են 1840 թվականի կործանիչ երկրաշարժի ժամանակ: Այդ օրը ողջ գյուղը թաղվեց ժայռաբեկորների հաստ շերտի տակ, սակայն առեղծվածային կերպով կանգուն մնացին միայն գյուղի գերեզմանոցի խաչքարերը՝ որոնք մինչ հիմա էլ դեռ կան: Հայտնի է, որ 1840-ի աղետից առաջ Ակոռին բավականին մեծ գյուղ է եղել, ունեցել է 2200 բնակիչ, բնակչության գերակշռող մեծամասնությունը հայեր են կազմել: