September 30, 2025
Առաքելոց վանքը գտնվում է Մուշ քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, հարավ-արևելք, Տավրոսի շղթայի երկու կատարների միջև ընկած, Տիրնկատար կամ Ծիրնկատար կոչվող լեռան լանջին՝ մի գեղատեսիլ վայրում։ Վանքը ամբողջությամբ պատրաստվել է սրբատաշ քարերից։ Մուշի մյուս վանքերի նման Առաքելոց վանքը ևս հայտնի է եղել մի քանի անունով. ընդհանրապես կոչվել է Առաքելոց վանք։ Սակայն համանուն մյուս վանքերից տարբերելու համար անվանվել է Մուշի Առաքյալք կամ Երկոտասան վանք։ Այսինքն 12 առաքելոց վանք։ Ըստ ավանդության, երբ 312 թ․-ին Գրիգոր Լուսավորիչը հիմնել է վանքը, այդտեղ է տեղավորել 12 առաքյալներից մի քանիսի մասունքները։ Եվ ի հիշատակ առաքյալների, կոչվել է Տասներկու առաքելոց վանք։ Անվանվել է նաև Թարգմանչաց վանք, որովհետև այնտեղ են գտնվում մի շարք թարգմանիչ վարդապետների գերեզմանները։ Կոչվել է նաև Ղազարու, երբեմն էլ Եղիազարու վանք, ըստ ավանդության վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։ Հետագայում Եղիազար անունը ժողովրդի կողմից ձևափոխվել է և դարձել Ղազար, իսկ վանքը՝ Ղազարու վանք։ Քանի որ վանքը գտնվում է Տիրնկատար սարի ստորոտին, ստացել է նաև Արեգնածագ Տիրնկատար վանք անունը: Վանքի աջակողմում գտնվող անդնդախոր ձորի պատճառով կոչվել է նաև Գլաձորի վանք։ Իսկ Առաքելոց վանքի մոտակայքում գտնվող ս. Թադեի մատուռի պատճառով ստացել է նաև ս. Թադեի վանք անունը։ Այն ըստ ավանդության, 312 թվականին կառուցել է Լուսավորիչը։ Վանքի շինարարությունը ամբողջությամբ ավարտվել է Սասունցի Թոռնիկյան իշխանության օրոք։ Հետագայում Առաքելոց վանքը դառնում է Հայաստանի նշանավոր կրթական կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում զարգացել է և համալրվել նոր շինություններով։ Վանքը շրջապատված է բերդանման պարիսպներով և ունի երկաթյա դռներ։ Դռնից ներս մտնողի առաջ է կանգնում տաճարը։ Եկեղեցու աջ և ձախ կողմերում կան մատուռներ։ Դուրս գալով վանքի հարավային դռնից մտնում ենք թարգմանիչների գերեզմանատունը։
Մշո առաքելոց վանքի տարածքում են թաղված Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Ասողիկը և Ղազար Փարպեցին: Վանքի բակում գտնվում են միաբանների սենյակներ, որոնք պատրաստվել են սև և կլոր քարերից։ Այդ սենյակները և հարակից շենքերի մի մասը հատկացված են եղել վարժարանին, որբանոցին և արհեստանոցին: Մենաստանից դուրս կանգնեցված է մի փոքրիկ և գեղեցիկ մատուռ նվիրված ս. Աստվածածնին։ Առաքելոց վանքի դիմաց դաշտի միջով հոսում է Մեղրագետը։ Ամեն տարի Վարդավառի նախօրեին ժողովուրդը հավաքվում էր այս գետի զույգ ափերին տոնախմբության։ Վարդավառի օրը, առավոտյան արևածագին, նրանք սկսում էին միմյանց վրա ջուր ցանել։ Այս սովորությունը պահպանվել է և տոնվել մինչև Տարոնի հայաթափ լինելը։ Մինչև 1915 թվականը Մշո Առաքելոց վանքում էր գտնվում «Մշո ճառընտիրը», այսինքն՝ զանազան բովանդակությամբ ընտիր ճառերի և հոդվածների ժողովածուն։ Դա հայ գրչության արվեստի ամենախոշոր հուշարձաններից մեկն է, որը աչքի է ընկնում իր հարուստ և ինքնատիպ մանրանկարչությամբ։ «Մշո ճառընտիրը» այժմ գտնվում է մեր Մատենադարանում:
ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԴՈԻՌԸ
Մշո Առաքելոց վանքի մայր եկեղեցու երկփեղկյա քանդակազարդ ընկուզենու փայտից պատրաստված դուռը մեծ արժեք է ներկայացնում և ունի պատմական նշանակություն: Առաքելոց վանքի ամենից ավելի ակնառու և արժեքավոր, հնությունը կազմել է այն դուռը, որի մասին լսել ու մոտիկից ծանոթ են եղել գերմանացի հնագետները, որոնք 1915 թվականին հայկական տեղահանությունների ժամանակ, օգտվելով առիթից, թուրք կառավարության թույլտվությամբ, գնացել են Առաքելոց վանք, պոկել դուռը և տեղափոխել Բիթլիս, այնտեղից էլ հարմար առիթով Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրելու համար։ Սակայն ռուսական բանակի հաղթական առաջխաղացումը խանգարում է նրանց։ Ռուսական բանակը գրավում է Բիթլիս քաղաքը։ Նահանջող գերմանացիների լքած ավարի շարքում ձեռք է բերվում նաև այս պատմական դուռը։ Ռուսական բանակում կռվող հայ զինվորները այս արժեքավոր հնությունը հանձնում են Կովկաս գաղթող հայ գաղթականներին, որոնք որպես անցյալ դարերի մշակութային արժեքներից փրկված մի նշխար, մեծ զգուշությամբ հասցնում են Կովկաս և ժամանակավորապես պահ տալիս Թիֆլիսի թանգարանին, որը այն հանձնում է Հայաստանի նորաստեղծ պետական թանգարանին։ Առաքելոց վանքի դուռը ունի ավելի քան ութ հարյուր տարվա պատմություն։ Հուշարձանը կառուցվել է 12-րդ դարի երկրորդ քառորդի սկզբներին և վկայում է իր ստեղծման ժամանակաշրջանի հայկական մշակույթի բարձր մակարդակի մասին։ Հետաքրքրականն այն է, որ վանական մի այդպիսի սրբավայրի դուռ կրոնական խորհրդանշաններով չի հորինված։ Վրան ավելի շատ աշխարհիկ կյանքի պատկերներ են, առավելապես պատմական անցյալը պատկերող դրվագներ։ Դռան շրջանակը բաղկացած է կողերի երկու և վերի միացնող մասերից։ Ամենից արտահայտիչը դրասանդն է, որը բաղկացած է երկու մասից։ Աջակողմյան քանդակը ներկայացնում է երկու ձիավորներ դեմդիմաց, իսկ աջ կողմինը տեգով զգետնել է մի հսկա վիշապ։ Դիմացի ձիավորը հավանաբար իշխան է, քանի որ աջ ձեռքում բռնած ունի իշխանական գավազան, իսկ ձախ թևը պաշտպանված է քանդակազարդ վահանով։ Երկուսի վերևում փորագրված է դժվար ընթեռնելի մի արձանագրություն, որը կարելի է կարդալ ԱԲԳՈՐԳ։ Իսկ ձախակողմյան մասում կան 3անձնավորություններ, որոնցից երկարազգեստը շեփորողն է։ Նրա առջևից 2 զրահազգեստ զինվորները արշավում են։ Նրանցից մեկը սուրը մեկնել է դեպի առջևի լախտակիր ձիավորը, որը արքայական տարազով է։ Բայց նա ավելի շուտ փախչողի է նման, քանի որ ձախ ձեռքը կախ է ընկած կողքից: Իսկ այս երկու ձիավորների միջև փորագրված է ՏՐԴԱՏ: Պատմաբաններից ոմանք դռան ճակատազարդի այդ պատկերի մեջ տեսնում են «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը Ինչ վերաբերում է փորագրված «ՏՐԴԱՏ» և «ՍԲԳՈՐԳ» անուններին, ապա որոշ հնագետ պատմաբանների կարծիքով դրանք հետագայում են ավելացվել, քանի որ ընդհանուր հորինվածքի հետ չեն ներդաշնակում։ Մշո Առաքելոց վանքի դուռը հայ միջնադարյան զարդաքանդակային արվեստի թանկագին նշխարներից մեկն է, որը փրկել է
ժողովուրդը։