Մեղրու բերդ

Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից:Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա:Մեղրու բերդը բաղկացած է 6 աշտարակներից: Պաշտպանական եզակի առանձնահատկությունների, հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:
Մեղրու բերդը իր ճարտարապետությամբ համարվում է եզակի հայկական ամրոցաշինության մեջ, այն չունի պարսպապատեր, սրանց փոխարինել էր լեռնաշղթան, հրազենի օգտագործման դեպքում բնակավայրը հնարավոր է եղել վերցնել հսկողության տակ որոշակի հեռավորությունից: