Նժդեհի մարտավարական հնարքները

Նժդեհը միշտ եղել է գիտակցված պայքարի կողմնակից : Ըստ նրա՝ ժողովրդի և բանակի տոկունությունը, հաղթանակին հասնելու կամքը մեծապես կախված են այդ պայքարի  նպատակի գիտակցումից, այն գաղափարի, իրավունքի կամ տարածքի պաշտպանության, հանուն որի մղվում է պատերազմր: Ըստ Նժդեհի տեսության՝ ռազմական առաջնորդի կարևորագույն հատկանիշներից է իր զինվորների վրա բարոյական ազդեցություն գործելու ունակությունը, առանց որի անհնար է հաղթանակներ կերտել: Նժդեհը Սյունիքում ձեռք բերված ռազմական հաջողությունների պատճառների թվում առանձնացնում է նաև իր մշակած և կիրառած «գրոհող ժայռեր», «պայթուցիկ տակառներ», «մուրճ և ոստայն», «ուժանակային հրավառություն», «փրկարար ակնախաբություն», «գայլի ռազմավարություն» և այլ մարտավարական հնարները, որոնք արդյունավետորեն կիրառում էին նրա դավիթբեկյան ուխտերը և գայլավաշտերը: 

 1․Գայլի ռազմավարություն

 Ինչպես նշում է Նժդեհը «գայլի ռազմավարության» հիմնական էությունն այն էր, որ առավելապես գիշերային հարձակումների միջոցով Նժդեհի ժողովրդական վաշտերը նախ, թշնամուն անակնկալի բերելով, ստանում էին բարոյական առավելություն, ապա նոր՝ անցնում հարձակման: Հարձակումների այդ գործելաոճը նրան հնարավորություն էր տալիս խուճապի մատնելու և մարտավարական աքցանի մեջ առնելու թշնամուն, հաճախ նրան շեղելու գործողության նախապես որոշված ուղղությունից, պարտադրելու մարտը վարել իր համար անհարմար տեղագրական պայմաններում, իսկ յուրային զորքին՝ խուսափելու երկարատև դիրքային մարտերից, նվազագույնի հասցնելու զոհերի թիվն ու ռազմամթերքի ծախսը և այլն:  

2․Գրոհող ժայռեր

Նժդեհը, կանխատեսելով հակառակորդի գրոհի ուղղությունները, իր և թշնամու միջև գտնվող բարձունքներում՝ ժայռերի տակ, մարտիկներին հրամայում էր թաքցնել մեծ քանակությամբ (դինամիտ): Հակառակորդի գրոհը դեռ չսկսված՝ այդ ականները պայթեցվում էին՝ առաջ բերելով, Նժդեհի բառերով, «քարե կարկուտ» և ծխի ու փոշու ամպերով պատելով ձորերը: Նման հնարը հնարավորություն էր տալիս կանխելու թշնամու կազմակերպած գրոհի հնարավորությունը և խուճապ տարածելու նրա շարքերում: Ստանալով հոգեբանական առավելություն՝ Նժդեհի զինակիցները դիմում էին գրոհի և պարտության մատնում անակնկալի եկած թշնամուն: 

3․ Մուրճ և ոստայն 

Նժդեհն իր ուժերի չնչին մասը տեղաբաշխում էր ռազմաճակատի ոչ էական կետերում, իսկ մեծ մասը թաքցնում էր՝ վճռական պահին որպես կենդանի «մուրճ» կիրառելու համար: Թշնամու գրոհն սկսվելուց հետո սյունեցիների հիմնական ուժերը որոշ ժամանակ դեռ մնում էին կրավորական դիրքում, մինչև հակառակորդը, առաջանալով, կարևոր կետերում թուլացնում էր իր զգոնությունը, ինչից հետո Նժդեհը հիմնական ուժերով դիմում էր հարձակման՝ թևանցմամբ կամ թիկունքային գրոհով:  

4․ Հոգեբանական գրոհներ 

Հայոց ռազմարվեստի պատմության տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում նաև Նժդեհի կողմից կիրառվող հոգեբանական գրոհների մարտավարությունը: Ըստ Նժդեհի՝ զորամիավորումներր մարտունակ են այնքան ժամանակ, որքան ճակատամարտի րնթացքում զգացվում է դրանց հրամանատարական կազմի ներկայությունը: Ուստի թշնամու ուժերի ղեկավարումր թուլացնելու նպատակով Նժդեհը իր զինակիցներից առանձնացնում էր մի խումբ մարտիկների, ինչպես ինքն էր կոչում՝ «որսորդներին», որոնց նպատակն էր ճակատամարտն սկսվելուն պես ոչնչացնել թշնամու հրամանատարներին: Նժդեհը ռազմարվեստին նվիրված իր աշխատություններում հատուկ շեշտում է մարտում հրամանատարի՝ առաջնորդի խոսքի նշանակությունը: Ըստ նրա՝ այն, ինչ հաճախ դժվարանում է անել արդիական հեռահար թնդանոթը, հեշտությամբ կատարում է ղեկավարի զորավոր խոսքը: Խոսքը, երբեմն՝ հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, միշտ պատկերավոր ու սեղմ, սրտերին՝ կրակ, բազուկներին՝ թափ, կամքերին՝ մղում տվող խոսքն է իշխելու և ղեկավարելու միակ միջոցը: Հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, անհրաժեշտ է և զորավոր խոսքր: Հաշվի առնելով հայ ժողովրդի պատմական փորձը, ճակատագիրր, Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքը և հարևան երկրների մշտական տարածքային նկրտումները՝ Նժդեհն իր բազմաթիվ գիտատեսական, հրապարակախոսական աշխատություններում կարևորել է հայ ժողովրդի համար ռազմարվեստին, ռազմական գիտելիքներին տիրապետելու անհրաժեշտությունը: Նա գրել է, որ պատերազմը մի մշտական չարիք է, որը եղել է, կա ու պիտի լինի, և որ գուցե դարերն ու մարդկային բարոյական մշակույթը կարողանան մեղմացնել նրա բնույթը, փոխել ձևերը, բայց վերացնել՝ երբեք: