September 30, 2025
Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։
Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս։
Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ։ Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։ Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ անուններով։
Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում։
Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը։ 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին։ Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը։ 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։
1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Զաքարյանները Ամբերդի՝ սելջուկներից ազատագրելու կապակցությամբ մի խաչքար են կանգնեցրել, իսկ ամրոցում թողել արաբերեն արձանագրություն։ Վաչե Վաչուտյանն ու նրա կին Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։
1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից։ 13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը։ Ամբերդը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել։
Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից։ Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով։
Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որոնք ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ 13-րդ դարի վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։
Այստեղ գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումն է եղել։ Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով։ Այն թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Բաղնիքը կառուցվել է 10-11-րդ դարերում սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով։
Բերդաքաղաքի հարավ-արևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի)՝ պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։
Դղյակի հարավային մասում է գտնվում լավ պահպանված մատուռը։ Փոքրիկ այս շինությունը գտնվում է բաղնիքից մոտ 10 մետր հեռավորության վրա։ Մատուռը կառուցվել է 10-րդ դարում։
