Նժդեհի հզոր  մտքերը

Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։

Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։

Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում։

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան:

Եղիր ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: Ժողովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում:

Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսված՝ նախ բարոյապես, նախ հոգիների մեջ: