Մուշի ճակատամարտ – Հետաքրքիր փաստ։ Համաշխարհային ռազմարվեստում առաջինը լինելով՝ Մուշի հերոսամարտում  կիրառվել է  «ԱՌԱՆՁԻՆ ՄՈՏԵՆԱԼ, ՄԻԱՍԻՆ՝ ԿՌՎԵԼ» սկզբունքը։

Համաշխարհային ռազմարվեստում առաջին անգամ «ԱՌԱՆՁԻՆ ՄՈՏԵՆԱԼ, ՄԻԱՍԻՆ` ԿՌՎԵԼ» սկզբունքի կիրառումով Բագարատ Բագրատունին այնպիսի անլուծելի մարտավարական խնդրի առջև է կանգնեցնում թշնամու բանակի հրամանատարին, որի լուծումը նա չէր կարողանալու գտնել:

 Հին և միջին դարերում ամբողջ աշխարհում ընդունված էր նախքան վճռական ճակատամարտի դուրս գալը միավորել բոլոր ուժերը: Այս ձգտումը պարզ բացատրություն ուներ` հեռահաղորդակցության միջոցների անկատարության պայմաններում, հաճախ ոչ թե դժվար, այլ ուղղակի անհնար էր լինում իրարից զգալի հեռավորությունների վրա գործող և նույնիսկ տեսողական կապի պահպանման հնարավորությունից զրկված զորամասերի փոխգործողությունները կազմակերպել: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի համարձակություն էր պահանջվում հայ զորավարից այս կարգի նորարարություն կիրառելու համար, նշենք, որ «առանձին շարժվել, միասին` կռվել» սկզբունքը Մուշի ճակատամարտից հետո կիրառվել է ավելի քան 9 դար անց` 1768-1774թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1770թ. հուլիսին Լարգա գետի մոտ ռուսական 20000-անոց բանակը` ռազմարվեստի տաղանդավոր բարեփոխիչ Պ.Ռումյանցևի գլխավորությամբ, մի քանի ուղղություններից գրոհում է թուրքական 100000-անոց բանակի վրա և պարտության մատնում: Նույնիսկ 18-րդ դարի պայմաններում այս սկզբունքի կիրառումն այնքան անսովոր էր, որ ահռելի բանակ ունենալով հանդերձ` թուրքական կողմը ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Եվս 1 դար անց` 1870-1871թթ. Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նույն սկզբունքով Սեդանի մոտ պարտություն է կրում ֆրանսիական բանակը: Մեր օրերում այս սկզբունքը լայն կիրառություն ունի: