September 30, 2025
Հետաքրքիր փաստ Մենուա թագավորի սահմանած ռեկորդի մասին
Վանի տիրակալները մարզական մրցույթները (հնարավոր է` նաև զորավարժանքները) վերածել են համաժողովրդական տոնախմբությունների: Նրանք ոչ միայն կազմակերպել են նման միջոցառումներ, այլև կարգադրել են քարագիր արձանագրություններով «անմահացնել» դրանցում գրանցված բացառիկ նվաճումները: Նման գրանցում է Մենուա արքայի ձիու ցատկի մասին բնագիրը, որն իրավամբ համարվում է համաշխարհային ռեկորդի արձանագրում: «Խալդյան զորությամբ Մինուա Իշպուինորդին ասում է.- Հենց այս տեղից նժույգը՝ Արծիբի անուն(ով), Մինուայի տակ ցատկեց 22 կանգուն (…)»։ Մենուայի նժույգի անունը` Արծիբի, հայերեն «արծիվ» բառն է (սեպագիրը չուներ «վ» հնչյունը, ինչի հետևանքով էլ այն փոխանցվում էր «բ»-ով): «Կանգուն» երկարության չափը հավասար է 51,8 սմ, այսինքն` Մենուայի նժույգը ցատկել է 11 մ 39 սմ։ Ձիասպորտում նժույգի ցատկի համաշխարհային ռեկորդը՝ սահմանված մինչև 1914թ., 11 մ 28 սմ է եղել: Մենուայի Արծիբի ձիու ռեկորդը գերազանցվել է միայն 1975թ.: 2800 տարի անգերազանցելի մնալով` Մենուայի ցուցանիշը համաշխարհային պատմության մեջ ամենաերկար պահպանված ռեկորդն է: Ուշագրավ է, որ արձանագրությունը հայտնաբերվել է Վանի քարաժայռերի և Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը դարեր շարունակ ձիարշավարան է եղել հայկական բանակի համար: