
Գրող, հրապարակախոս, ք․ Նոյեմբերյան
Երեկոյան պարապմունքս վերջացրի և դուրս եկա կանգառ: Երկար սպասելուց հոգնած, տաքսի գտա:
Դուռը բացեցի և նստեցի ետնամասում: Ասում եմ հասցեն ու տեղավորվում: Անցավ մի երկու րոպե,
բայց պատասխան չեղավ: Թեքվեցի առաջ, որ վրդովված ասեմ, թե ինչու չենք շարժվում. նկատեցի, որ
վարորդը գլուխը դրել է ղեկին:
-Ախպերս, բա՞ն է պատահել – մի տեսակ տագնապած հարցրի ես: Վարորդը, կարծես թե ուշքի գալով,
շարժիչը գործի դրեց.
-Կներես, քուրս, մտքերով էի ընկել:
Այսպես ծայր առավ մեր անվերջանալի թվացող հայկական զրույցը: Երբ ետ նայեց, չգիտեմ թե ինչպես,
զգացի ու նկատեցի դողդողացող ձայնը և կապույտ, ծով աչքերը:
-Տղաս Արցախում է, քուրս: Գիտե՞ս քանի թշնամական տանկ է խփել։
Ձայնի երանգը փոխվեց, ու զգացի անթաքույց հպարտությունը, որ մի տեսակ իմ մերկ հոգին էլ
ջեմացրեց ու շոյեց :
-Ապրի տղադ, ախպերս, արժանի հայորդի է: Կեցցես դու, որ նման որդի ես դաստիարակել:
Դեռ միտքս ու գովեստս չէի ավարտել, ինձ ընդհատելով, ասեց.
-Այ քուրս, ի՞նչ դաստիարակել։ Ժամանա՞կ եմ ունեցել, որ դաստիարակեմ, էտ սաղ իրա մերն ա։ Համա
դե ապրի, իմ ահից կարգին տղա է դաստիարակել: Բայց դե էտ լակոտը դեռ դպրոցից սկսեց ծխել: Իրա
քեռու պես խելառ ու անհամբեր դուրս եկավ:
Հազիվ զսպեցի ժպիտս: Այնքան ՀԱՅԿԱԿԱՆ էր ասածը…Դե պարզ էր, այն, որ տղան հերոս, անվախ,
ազնիվ, խիզախ հայրենասեր որդի էր, այդ բոլորը ժառանգել էր իրենից, և ընդհանրապես, ինչքան լավ
բան կա իրենից էր, իսկ, որ ծխում է, խենթ է, տաքարյուն, անհամբեր, այդ բոլորը ժառանգել է մորից,
առանձնապես, էն անպետք քեռուց, ու բոլոր վատ բաներով նրանց է քաշել։
Հետո շտապ-շտապ մի ձեռքով` փնտրելով ծխախոտը, դողալով վառեց ու շարունակեց: Ես էլ ուզում էի
ասել.« Բա որ, դուք եք ծխում, դա ումի՞ց է» Չհասցրի…
-Այ, քուրս, ինձ չի կարելի ծխել, էս անտեր սիրտս դավաճանեց, ստենդավորել են, ասել, որ
ընդհանրապես չպիտի ծխեմ: Գնացի վայենկոմատ, ինչքան մարդ-մուրդ խառնեցի, մերժեցին, չտարան
սահման, էս անտերի երեսից այ սենց ստիպված տաքսի եմ անում…
Նա խոսում էր, իսկ ես մտածում էի, որ միայն հայը կարող է խնամի, ծանոթ, բարեկամ խառնել, որ գնա
մարտի, որ իր երկիրը պաշտպանի… Հետո տիրեց մի տհաճ լռություն, ու մթության մեջ զգացի, թե ոնց
է անանցանելի, կծիկի պես արցունքի գունդը կանգնել նրա կոկորդում, ու տաք տղամարդու արցունքը
ոնց է ներս հոսում ու նստում չեչաքարի պես ցանցոտ սրտի վրա: Չգիտեմ ինչու, բայց այդ դառնաղի
արցունքը ջերմացերեց նաև իմ մերկ հոգին…
-Երկու օր է լուր չունեմ, քուրս, անհանգիստ եմ, մերն էլ ներվերս խառնում է, տուն չմտած կաչաղակի
պես էտ է բերանին. «Մի բան իմացա՞ր»
Չցանկանալով մտնել ընտանեկան անպտուղ, հուսահատությունից ծնված զրույցների մեջ, ասում եմ.
-Ախպերս, հեչ չմտածես, այ հենց հիմա, տուն հասնես թե չէ, քո հերոս տղի ձայնն ես լսելու, զանգելու
է։ Ամեն ինչ լավ է, ուղղակի կապ չկա, ես գիտեմ, հաղորդել են: Մտքիս մեջ լուռ ինձ հետ կռիվ էի
տալիս. «Տո դու ո՞վ ես է, որ նման բան ասես։ Ոն՞ց կապ չկա։ Ի՞նչ ես խոսում….» – բայց շարունակում
եմ.
-Ախպեր ջան, կտեսնես, թե ոնց է քեզ ուրախացնելու քո հերոս տղան ու անփորձանք ետ է գալու։ Ես
զգում եմ, ես գիտեմ…
-Ապրես, քուրս, սաղիս էրեխեքը թող սաղին հասնեն, ոչ մեկի աչքը չթրջվի ու չմնա ճամփին կարոտ,
Աստված մեր էրեխեքին օգնական…
-Ամեն – վրա եմ բերում ես հուզված :
-Թե չէ, այ քուրս. էտ իմ խեղճ կնիկը շատ մեղք կլինի, ես էլ, եսիմ, ինչքա՞ն կապրեմ էս սրտով:
Չէէէէէ , տղես պետք ա ետ գա: Մատաղ եմ խոստացել, որ համարդ ասես, քեզ էլ կզանգեմ, կկանչեմ:
Արցունքներս զսպելով, ասում եմ.«Նախապես թող մատաղը ընդունելի լինի, Աստված, որ կամենա, դեռ
որդուդ վերադարձը միասին, հայավարի, հերոսին վայել կդիմավորենք»:
Ծխախոտը մարեց, ինքն իր հետ փնփնթալով, բացեց մեքենայի դարակը, հանեց մի օծանելիքի շիշ ու
վրան ցանելով, ասեց.
-Տղայիս դուխին է, սիրած աղջիկն է տվել, ցանեմ վրես , ես դրա հավեսը չունեմ, հիմա էլ կսկսի
խոսել, թե նորից ծխել եմ: Դան, ամենայն հավանականությամբ, կինն էր: Փչելուց հետո, նորից շրջվեց
ու հարցրեց.
-Այ քուրս, մարդ գժվել է, համ ծխեցի, համ էս սուր հոտերը գցեցի, մի հատ էլ չեմ ասում կարո՞ղ ա
խեղդվում ես։
Ծիծաղելով, ասեցի. «Ոչինչ, ամեն ինչ նորմալ է»,- իսկ մտքիս մեջ ամեն ինչ խառնվել էր ու
անընդհատ հնչում էր միայն մեկ նախադաություն.«Ձայն տուր, հերոս տղա, դու հաստատ պետք է ձայն
տաս, որովհետև մայրդ է քեզ սպասում, որովհետև հայրդ է քեզ սպասում, որովհետև սիրած աղջիկդ է
քեզ սպասում, որվհետև ես եմ սպասում, ազգն է սպասում, քո երկիրն է սպասում…»
Վարորդս շարունակում էր խոսել.
-Այ քուրս, էս էլ մի ուրիշ կրակ է. տուն մտնեմ, հաստատ կջոկի, որ ծխել եմ ու դուխի փչել, էլի
կսկսի…
Հա, էն էլ ասեմ, որ հա վրես խոսում ա, ասում ա, էդ էրեխու դուխին էն աղջիկն է տվել, ինչի՞ ես
օգտագործում,։ Մեծ մարդ ես , չե՞ս հասկանում, որ քոնը չի: Տո մի հարցնող ըլնի, բա իմը ուր ա, մի
անգամ էտ դուխուց առար տվի՞ր, որ ասես, էս մարդուն մի անգամ ուրախացնեմ: Էտ էր, էտ մի տղեն էր
սաղ կյանքիս ուրախությունը…
Հետո լռեց ու մռայլվեց, ձայնը խզվեց, բայց, երևի հասկանալով, որ պահը ծանրանում է, թեման փոխեց
ու ասեց.
-Էն երեխեն էլ ա մեղքս գալիս: Լավ աղջիկ է, դաստիարակված, համեստ, նվիրված, շնորքով, լավ
օջախի էրեխա է: Տղես գա, շուտ ամուսնացնելու եմ, թոռներ կծնվեն, մարդ ու կնիկ կպահենք: Ասել եմ
տղիս, որ ինչքան եղավ, պտի ունենան: Հաաաա՜, քուրս, էտ մի բանը տղիս սիրածին էլ եմ ասել, պտի
բերի… Ես պետք ա յոթ թոռով, յոթ ծոռով սեղան նստեմ…
Արդեն տեղ էինք հասել, ու եթե անհարմար չլիներ, կուզենայի շարունակել մեր թարմ, լավաշի պես
տաք, հայկական զրույցը, բայց ինձ ուշքի բերելով, ասեցի
-Շնորհակալ եմ, վարորդ ջան, ինչքա՞ն եմ վճարելու
Նա էլ թե. «Արդեն վճարել ես, քուրս, էսքան գլուխդ տարա: Հաշվի, սա էլ իմ լավությունն է մեր հայ
մայրերին»: Այնպիսի բան ասեց, որ չկարողացա մերժել ու շնորհակալություն ասելով, դուռը փակեցի,
դանդաղ մոտեցա մեր շենքին: Մեքենան հեռացավ, իսկ ես գաղտագողի հետևում էի նրան ու նրա
միաչքանի լույսը, հեռվում մոմի պես ցոլում էր, կարծես հույսի փարոս լիներ…. Ու դեռ երկար, հետո`
արդեն տանը, ուշքի չէի գալիս։ Աստծուց խնդրում էի ի կատար ածել այսօրվա իմ հերոսի երազանքը,
որ նա յոթ թոռով, յոթ ծոռով սեղան նստի, որ նրա օջախի լույսը վառ մնա, որ տան ծուխը ծխա ու
բարձրանալով երկինք, բոլոր նրանց անունից, ովքեր այլևս սրբերի դասին են դասվել ու հերոսացել,
ովքեր այլևս չեն գրկի իրենց սևազգեստ մայրերին ու չեն սրբի նրանց արցունքները, ասելով «ՄԱՄ
ջան», ովքեր ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՆՎԻՐԵԼ, ում սերն ու երազանքները կիսատ մնացին,
բոլոր մարտից չվերադարձած սերմնացանների հոգուց բռունցք դարձած, աշխարհի երկնակամարին կգրի
«Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ»…