Իմ Գերդաստանի պատմությունը․ Գայանե Վարդանյան

Այս աշխատանքը ստացել է «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի
առաջին մրցանակ

Մանկուց ի վեր ինձ հետաքրքրել են իմ արմատները։ Տարրական դասարանում ուսուցչուհիս միշտ ասում էր, որ մեր արմատներն ու գերդաստանը մեր անցյալն է, իսկ ով գիտի իր նախնիներին, ավելի լավ է ճանաչում ինքն իրեն։ Ուստի նա հաճախ էր տնային աշխատանքներ հանձնարարում այդ թեմայով, որոնցում մենք պետք է ներկայացնեինք մեր նախնիներին, բարեկամներին և տոհմի պատմությունը։ Լսելով համադասարանցիներիս հետաքրքրական պատմությունները՝ ես միշտ ինքս ինձ հարց էի տալիս՝ «Ի՞նչ գիտեմ իմ արմատների մասին»։

Դասընկերներս դասարանում քննարկումների ժամանակ ասում էին.

 «Ես Ստեփանավանից եմ», «Ես Արցախից եմ», «Իսկ ես Գյումրիից եմ» և այլ հետաքրքիր վայրերից։ Իսկ երբ հերթը հասնում էր ինձ, պատասխանում էի դժվարությամբ, քանի որ կոնկրետ վայր չունեի նշելու։

Երկար մտածելուց հետո պատասխանում էի, որ Երևանից եմ, քանի որ այստեղ եմ ծնվել։ Բայց ինչքան էլ ասում էի, որ Երևանից եմ, միևնույն է ցանկանում էի, գտնել իմ արմատների ծագման վայրը։ Այդ ժամանակ էլ ինքս ինձ խոստում տվեցի, որ մեծանամ որ բացահայտեմ։

Մեկ տարի առաջ այս հարցին ավելի լուրջ սկսեցի նայել, որոշեցի, որ արդեն ժամանակն է։ Ես բավականին տեղեկություններ ունեի իմ մայրիկի տոհմի մասին, բյաց հայրական կողմիս մասին գրեթե բան չգիտեի (հատկապես պապիկիս և նրա բարեկամների մասին), ուստի իմ նպատակակետերից մեկն էր պարզաբանել (հայրական) պապիկիս` Ժիրայրի ճակատագիրը։ Ուսումնասիրություններս հեշտացնելու նպատակով  որոշեցի գերդաստանս բաժանել չորս ենթատոհմերի` Վարդանյան, Ասրյան, Դադալյան և Գասպարյան (ըստ տատիկների  և պապիկների)։

Բայց մինչ նրանց մասին խոսելը ևս մեկ անգամ ներկայացնեմ ինձ։ Ես՝ Գայանե Վարդանի Վարդանյանս, ծնվել եմ 01.11.2007 թվին` Երևանում, Զեյթունի ծննդատանը։ Ընտանիքս բաղկացած է չորս անդամներից. հայրս`Վարդան Ժիրայրի Վարդանյան, մայրս`Ռենա Սուրենի Վարդանյան (Դադալյան), ես և եղբայրս` Վահե Վարդանի Վարդանյան։ Չնայած նրան, որ ծնվել եմ Երևանում, մեծացել և ապրում եմ Աբովյան քաղաքում։

Այստեղ են անցել իմ մանկության տարիները, և այստեղ եմ ես ձևավորում որպես անհատ։ Սովորել եմ Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում և ավարտել 2022 թվականին։ Հիմա սովորում եմ թիվ 4 ավագ դպրոցում։ Ինչպես յուրաքանչյուր պատանի, ես էլ ունեմ իմ երազանքներն ու նպատակները, և ամեն օր փոքրիկ քայլերով փորձում եմ մոտենալ դրանց։ Ունեմ տարբեր հետաքրքրություններ և նախասիրություններ, որոնցից մեկն էլ տոհմաբանությունն է։

Հայրս` Վարդան Ժիրայրի Վարդանյանը, ծնվել է 27.08.1977 թվականին՝ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում: Տատիկս ասում էր, որ նա գյուղի նորաբաց ծննդատան առաջին ծնված երեխաններից մեկն էր, բայց քանի որ իրենք Երևանի բնակիչ էին, ծննդյան վկայականը այստեղից են վերցրել։ Մինչև տասներկու տարեկանն ապրել է Երևանում, իսկ ծնողների բաժանվելուց հետո, տեղափոխվել են Մղարթ։ Գյուղում ապրած տարիները դժվար են եղել հայրիկիս ընտանիքի համար, քանի որ փոքր գյուղում չկար նորմալ կրթություն և աշխատանք։ Դժվար էր վաստակել ապրուստի միջոցը, հատկապես սովի տարիներին, ուստի որոշում է գալ Աբովյան և այստեղ փորձել իր բախտը։ 2005 թվին ամուսնանում է մայրիկիս հետ և կազմում իր ընտանիքը։ Մինչև այսօր մենք ապրում ենք Աբովյանում։ Չնայած գյուղում ունեցած դժվարություններին, հայրիկս այնտեղ է մեծացել և ձեռք բերել իր ընկերներին, որոնց հետ նա շփվում է մինչ օրս, այստեղ է նա նաև ձեռք բերել իր կյանքի փորձը։ Հայրս ունի երկու քույր` Նաիրան և Անահիտը, և մեկ եղբայր` Հարությունը։ Քույրերից Նաիրան Համեստի (հայրիկիս մայրը) առաջին ամուսնության երեխան է։

Մայրս` Ռենա Սուրենի Դադալյանը, ծնվել է` 21.11.1978 թվականին Բաքու քաղաքում։ Բաքվում նա ապրել է ընդամենը տասը տարի, բայց ամեն անգամ, պատմելով իր մանկության պատմությունները, ժպիտով է հիշում այդ քաղաքը։ Հիշելով այդ օրերը՝ ինձ պատմում էր այդտեղի համեղ պաղպաղակների մասին, որոնց համը անկրկնելի էր, ուրախ կարուսելների մասին, իրենց երջանիկ ընտանեկան զբոսանքների մասին։ Երբ հարցնում եմ Սումգայիթյան ջարդերի մասին, նա շատ բան չի կարողանում հիշել, քանի որ փոքր է եղել։ Ասում էր, որ հիշում է միայն ծնողների դեմքի անհանգիստ արտահայտությունն ու վախը։ Քանի որ իրենք ապրում էին քաղաքի կենտրոնում` «Արմենիքենդ» հայկական թաղամասում, բուն ջարդերին ականատես չի եղել։ Հիշում էր միայն, թե ոնց են տղամարդիկ գիշերները դանակներով և այլ զենքերով հսկում թաղամասը, մինչ կանայք և երեխանները անհանգիստ փորձում էին քնել։ Երբ իրավիճակը սաստկացավ, պապիկս հազիվհազ ձեռք բերեց ինքնաթիռի տոմսեր և տատիկիս, երեխաների հետ (մայրիկիս, մորաքրոջս ու քեռուս), ուղարկեց Հայաստան, տատիկիս հայրական օջախ` Առինջ։ Մայրիկս պատմում է, որ, երբ իջել են Հայաստանում, ինքն ուրախացել է, մտածելով, որ ամեն ինչ անցյալում է՝ չպատկերացնելով, որ վերջին անգամ էր տեսնում իր քաղաքը…. Այդ ժամանակ պապիկս մնացել է Բաքվում, քանի որ իր ծնողները չէին ցանկանում թողնել տուն-տեղ և հեռանալ, բայց երբ իրենց աչքի առաջ սպանեցին հարևաններին, ստիպված համաձայնեցին։ Պապիկս վարձեց մեծ բեռնատար ավտոմեքենա, որպեսզի իրերով տեղափոխվեն։ Ավտոմեքենայի վարորդը ադրբեջանցի էր, բայց պապիկիս հետ պայման էին կնքել, որ մինչև Ադրբեջանի սահման նա կերաշխավորի իրենց անվտանգույթունը, բայց Հայաստան մտնելուց հետո պապիկս պետք է երաշխավորի նրա անվտանգությունը։ Պապիկս, իհարկե, սահմանից անվնաս ճանապարհել է ադրբեջանցուն և ինքը վերադարձել։

Գալով Հայաստան՝ մայրիկս սկզբում կրթություն ստացավ Երևանում (հայ-ռուսական դպրոցում), այնուհետև գյուղի դպրոցում: Իհարկե, այդ իրադարձությունները ծանր հետք են թողել իրենց ընտանիքի վրա, քանի որ գալով Հայաստան և հանդիպելով տարատեսակ խտրականությունների՝ իրենք պետք է ամեն ինչ սկսեին զրոյից։ Չնայած նրան, որ այդ օրերից շատ տարիներ են անցել և ժամանակի փոքրիկ երեխանները, ովքեր չէին հասկանում, թե ինչու պետք լքեն իրենց տունը, վաղուց մեծացել ու ընտանիքի տեր են դառձել, մինչև հիմա ափսոսանքով ու կարոտով են հիշում իրենց հին քաղաքը…

Դադալյան

Իմ տոհմական ազգանուններից մեկը` Դադալյանն է։ Դադալյան է իմ մայրիկը, մորաքույրս` Ռոզալիան, քեռիս` Գրիգորը և պապիկս։ Պապիկս` Սուրեն Գրիգորի Դադալյանը, ծնվել է` 04.10.1951 թվականին՝ Բաքու քաղաքում։ Իր ծնողներն են` Գրիգոր Միխայիլի Դադալյանը և Արշալույս Ալիշի Գրիգորյանը։ Պապիկիս անունը Սուրեն են կնքել ի պատիվ Հայրենական պատերազմում անհայտ կորած հորեղբոր։ Պապիկս հինգ երեխաններից կրտսերն է։ Նրա ընտանիքն ապրում էր Արցախի Հադրութի շրջանի Բանազուր գյուղում, բայց շատ էին գնում Բաքու, և նրա ծնվելուց հետո վերջնականապես տեղափոխվեցին քաղաք։ Պապիկս հաճախել է Բաքվի համար 47 ռուսական թեքումով դպրոցը։ Դպրոցում լավ էր սովորում և իր սիրելի առարկան մաթեմատիկան էր։ Այնքան լավ գիտեր մաթեմատիկան, որ հետագայում առանց, կրկնուսույցի մոտ պատրաստվելու, ընդունվեց Բաքվի տնտեսագիտական համալսարանը։ Մինչև Սումգայիթյան ջարդերը Բաքվում աշխատել է իր մասնագիտությամբ, հետո մինչև Խորհրդային Հայաստանի փլուզումն աշխատել է նաև Երևանի տարբեր հիմնարկներում։

Փլուզմանը հաջորդող տարիները դժվար են եղել պապիկիս համար, քանի որ չէր կարողանում աշխատել իր մասնագիտությամբ և ստանալ համապատասխան աշխատավարձ: Հայաստանում պետք է ամեն ինչ ամեն ինչ զրոյից ստեղծեր։ Հաղթահարելով այդ տարիների դժվարությունները՝ պապիկիս և տատիկիս հաջողվեց ստեղծել իրենց օջախը Առինջում։

Պապիկիս հայրը` Գրիգոր Միխայիլի Դադալյանը, ծնվել է` 02.10.1909 թվականին Բաքու քաղաքում, բայց իր հայրական գյուղը Մուշկապատն է։ Մուշկապատ գյուղը  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում էր։ Պապիկս պատմում է, որ Դադլյանները սկզբում եղել են Մուշի առևտրականներ, սակայն Համիդյան ջարդերի ժամանակ գաղթել են Արցախ և այնտեղ հիմնել Մուշկապատ գյուղը։ Մուշկապատ են կոչել գյուղը քանի որ այն, ինչպես Մշո դաշտը՝ շրջապատված է մշուշով։ Իր ծնողներն են Միխայիլ Դադալյանը և Թազա Գյուլը (թարգմանաբար նշանակում է նոր ծաղիկ)։ Գրիիգոր պապս ունեցել է երեք եղբայր` Արտաշ Դադալյան, Սուրեն Դադալյան և Արմենակ Դադալյան (1924 Արցախի Մարտունու շրջան գյուղ Մուշկապատ 2005 Российская федерация Краснодарский край город Гулькевичи): Հայրենական պատերազմի տարիներին պապս իր երկու եղբայրների` Արտաշի և Սուրենի հետ միասին մասնակցել է պատերազմական գործողություններին, բայց տուն է վերադարձել միայնակ։ Ամուսնացել է տատիս՝ Արշալույսի հետ, երբ վերջինս 14 տարեկան էր։ Ունեցել են հինգ երեխաններ, որոնցից առաջինը` Ռոզան ծնվել է 1935 թ-ին, բայց մահացել մեկ տարեկան չդարձած (մորաքրոջս հետագայում տալիս են նա անունը)։ Այդ ժամանակ Արշալույսը 14 տարեկան էր։ Հաջորդը Էդիկն է, ով ծնվել է 1939 թ-ի վերջին, և մոտավորապես երկու ամսականում՝ մահացել (1940)։ Երրորդը Ժաննան է, ծնվել է 1945թ.-նի հունվարի 15-ին, մահացել է 2019թ.-ին՝ ավտովթարի պատճառով։ Չորրորդը Արմիդան է, ծնվել է 1948 թ-նի փետրվարի 16-ին։ Եվ վերջին երեխան Սուրենը (պապիկս), ծնվել է 1951 թ.-ի հոկտեմբերի 4-ին։ Գրիգոր պապը և Արշալույս տատը Սումգայիթյան ջարդերի ժամանակ եկել են Առինջ, բայց հետո՝ մութ ու ցուրտ տարիներին, գնացել են Ռուսաստան, իրենց աղջկա մոտ, որտեղ էլ հետագայում մահացել են։

Արտաշ Դադալյանը ծնվել է` 1905 թ. Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում և մահացել 08.05.1945 Չեխոսլովակիայում: 1942 թվականին նրան զորակոչել են  պատերազմ, մասնակցել է պատերազմական գործողություններին, բայց նույն տարվա դեկտեմբերին համարվել է անհայտ կորած, հետո պարզել են, որ նա թաղված է Չեխոսլովակիայում մնացած զինվորների հետ, եղբայրական գերեզմանում:

Մյուս եղբոր՝ Սուրենի ճակատագիրը ավելի հետաքրքիր է։ Նա ծնվել է` 1921 թ. Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ 01.1940 թվականին զորակոչվել է պատերազմ։ 25.03.1942 թ. համարվել է անհայտ կորած։ Մինչև վերջին տարիները նրա ճակատագրից մեզ ոչինչ հայտնի չէր։ Իննսունականներին, երբ պապիկս աշխատում էր շուկայում, մի օր տարիքով մարդ է գալիս առևտրի։ Պապիկս ինքնարժեքով տալիս է այդ մարդուն իր ուզած ապրանքը։ Սկսում են զրուցել, որի ժամանակ պարզվում է որ այդ մարդը ճանաչել է ոմն Դադալյան Սուրենի, ով Մուշկապատից է և մասնակցել պատերազմին։ Շատ տվյալներ չի ասել, բայց այդտեղից պապիկս հասկացել է, որ խոսքը իր հորեղբոր մասին է, և ի շնորհիվ այդ մարդու մենք իմացել ենք, որ պատերազմի ժամանակ հորեղբայրը գերի է ընկել, իսկ պատերազմից հետո, վախենալով է վերադառնալ հայրենիք, բնակություն է հաստատել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ և ապրել էր մինչև մահ։

Արշալույս Ալիշի Գրիգորյանը պապիկիս մայրն է։ Նա ծնվել էր մոտավորապես 08.04.1921 թվականին, Հադրութի շրջանի Բանազուր գյուղում։ Սովորել է Հադրութի դպրոցում, սակայն տասներեք տարեկանում ամուսնացել է։ Հայրը` Ալիշ Գրիգորյանը, առաջին ամուսնությունից ուներ երկու տղա` Գուրգեն և Սամվել։ Ամուսնանալով երկրորդ անգամ Շուշան Բաղդասարյանի (1905թԲանազուր-15.12.1986 Բաքու) հետ՝ (ով Արշալույսի մայրն էր) ունենում է երեք աղջիկ և մեկ տղա։ Արշալույսը տան առաջին երեխան էր, հետո ծնվում են նրա քույրերը` Լուսյա Բաղդասարյանը (ծնվել է 1926 կամ 1928), Նորա Բաղդասարյանը (ծնվել է մոտ 1930), և եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը (ծնվել է 1933)։ Պապիկս պատմում էր, որ տան կեսը ունեցել է Բաղդասարյան ազգանունը, մյուս կեսն էլ՝ Գրիգորյան։ Վաղ հասակի ամուսնությունը և կյանքի դժվարությունները կոփում են նրա բնավորությունը։ Պապիկս ասում է, որ իր հայրը սովորական ժամանակ վախենում էր մի բան ասել Արշալույսին, բայց երբ հարբում էր, կացինը վերցնում և ընկնում հետևից։ Կյանքի վերջին տարիները Արշալույսը անցկացրել է Ռուսաստանում, որտեղ ենթարկվել է ավտովթարի և կուրացել։

Խորանալով տոհմիս պատմության մեջ՝ ես այլ հայացքով սկսեցի նայել պատմական իրադարձություններին։ Առաջ կարդալով պատմության դասագիրքը՝ կարծում էի, որ այդ իրադարձությունները կատարվել են, բայց ինձանից հեռու ժամանակահատվածում և մեծ կապ չունեն ինձ հետ։ Բայց ամեն անգամ բացահայտելով նորանոր պատմություններ, նախնիներիս հետ կապված, համոզվում եմ թե ինչքան սխալ է եղել իմ պատկերացումը։ Այսպես, օրինակ ես արդեն գիտեմ, որ Հայրենական մեծ պատերազմը, որն ինձ համար արդեն պատմական իրադարձություն է, ժամանակին եղել է իմ նախնիների սարսափելի իրականությունը։ Այսպես, ես գիտեմ, որ իմ մեծ պապն է մասնակցել այդ պատերազմին, իր եղբայրները, իսկ հետո իմացա նաև, որ պատերազմը անդրադարձել է նաև մեծ տատիս` Արշալույսի ընտանիքի վրա։ Արշալույսի երկու եղբայրները` Սամվելը և Գուրգենը նույնպես մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին և զոհվել։

Գասպարյան (Աբգարյան)

Լաուրա Լենդրուշի Գասպարյանը իմ տատիկն է, նա ծնվել է 20.04.1956 թվականին՝ Առինջում։ Կրթությունն ստացել է գյուղի դպրոցում, այնուհետև ամուսնացել և տեղափոխվել է Բաքու։ Դպրոցում տատիկս լավ էր, սովորում, մինչև այսօր հիշում է այդ տարիների անցած բանաստեղծությունները։ Ցանկանում էր ընդունվել Հայաստանի տնտեսագիտական համալսարան, բայց չկարողացավ, քանի որ շուտ ամուսնացրին։ Նրա տատը` Սիմազարը, զբաղվել է տատիկիս՝ որպես առաջին թոռան ամուսնության հարցով և վաղ տարիքում կնության տվել նրան։ Տատիկս ասում էր, որ հարսանիքը սկզբում կազմակերպել են Առինջում, այնուհետև՝ Բաքվում։ Երբ ինքը հարսի շորով ինքնաթիռից դուրս էր եկել, այնքան ուժեղ քամի է եղել, որ իրեն մի քիչ էլ քշել է մի կողմ։ Մինչև այսօր, երբ ուժեղ քամոտ օրեր են լինում, պապիկս կատակով ասում է՝ զգույշ եղիր քամին քեզ չտանի։ Այսպես մինչև ջարդերն ապրում էին Բաքվում, բայց ամառները գալիս էին Առինջ։ Ջարդերի պատճառով վերջնականապես հետ են դառնում Առինջ, որտեղ և ապրում են մինչ այսօր։ Տատիկս չորս երեխաներից ամենամեծն է, մյուս երեխաներն են` Լարիսա Գասպարյանը (05.11.1960), Լուսիկ Գասպարյանը (14.12.1962) և Աբգար Գասպարյանը (08.11.1965): Արտաքինով տատիկս նման է իր մայրիկին` Թուխիկին, բայց բնավորությամբ ասում են, որ հայրիկին է նման։ Իր հայրը՝ Լենդրուշ Աբգարի Գասպարյանը, ծնվել է 06.01.1935 թ.՝ Առինջում։ Չորս երեխաներից երրորդն էր։ Ամենամեծը Նունիկն էր, հետո՝ Գասպարը (որին Հայրիկ էին ասում), հաջորդն ինքն էր, և ամենափոքրը` Հասմիկը։ Լենդրուշ պապը ապրել է սովորական գյուղացու կյանքով։ Նա դեռ Հայրենական պատերազմի տարիներից, երբ չորս-հինգ տարեկան էր, աշխատում էր այգիներում ու բերք հավքաում։ Սովորել է Առինջի դպրոցում, որտեղ հետո սովորելու էին իր երեխաները, թոռնիկները և ծոռնիկները։

Համագյուղացիների կողմից սիրված և հարգված է եղել։ Երբ ջարդերից հետո տատիկս նոր էր եկել Հայաստան, նա թև ու թիկունք է եղել նրանց համար, նա է օգնել՝ հող ստանալ գյուղի տարածքում։ Լենդրուշ պապիկն ապրել է մինչև 2008 թվականը, ուստի ինձ նա նույնպես տեսել է։ Իմ հիշողության մեջ նա չի պահպանվել, բայց մայրիկս պատմում է, որ նրա մահանալուց հետո, երբ գնում էի իրենց տուն, ցույց էի տալիս նրա նկարն ու դատարկ բազկաթոռը (մեծ տատիկս ու պապիկս ունեին իրենց բազկաթոռները, որոնց մեջ միշտ նստում էին)։

Նրանք ունեն տոհմական երկու ազգանուն` Գասպարյան և Աբգարյան։ Մեծերը պատմում են, որ երկու եղբայրների` Գասպարի և Աբգարի անունով տոհմը բաժանվել է երկու ազգանունների։ Օրինակ՝ տատիկիս հայրը Լենդրուշ Գասպարյան է, բայց իր հայրը` Աբգար Աբգարյանն է։

Տատիկիս մայրը` Թուխիկ Հովհաննեսի Հայրապետյանը, ծնվել է 13.12.1938 թվականին Աբովյանի շրջանի Նոր Գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում։ Թուխիկ տատիկս լավ է սովորել դպրոցում և իր սեփական ուժերով կարողացել է ընդունվել մանկավարժական համալսարան։ Առաջին օրը, երբ գնացել է համալսարան, մյուս ուսանողները ծիծաղել են նրա հագուկապի վրա՝ անվանելով գյուղացի։ Տատիկս հիասթափվելով՝ այլևս չի գնացել դասի։ 1958 թ. ամուսնացել է և սկսել ապրել Առինջում։ Թուխիկ տատիկը նույնպես եղել է աշխատող կին. աշխատել է կարի ֆաբրիկայում, աղի հանքում և իրենց տանը կից մթերային խանութում։ Նա նաև ունեցել է լավ գիտելիքներ բուսաբանությունից, ուստի աշխատել է նաև դեղագործական հիմնարկում։ Թուխիկ տատիկը մահացել է վերջերս` 22.06.2022 թ., ուստի ես նրան շատ լավ եմ հիշում։ Քանի որ տատիկը կիրթ կին էր, նա գնահատում էր մեր կրթությունը, և ամեն անգամ, երբ գնում էինք իրենց տուն, արտասանում էինք տարբեր բանաստեղծություններ, և նա մեզ գումար էր տալիս։ Հիշում եմ՝ մեկ անգամ ես այնքան լավ եմ արտասանել բանաստեղծությունը, որ նա և իր հարևան ընկերուհիները հուզվել, արտասվել են։ Թուխիկ տատը ինքն էլ արդեն մեծ տարիքում էր, բայց հիշում էր դպրոցական տարիներին սովորած բոլոր բանաստեղծությունները։ Կյանքի վերջին տարիների նա շատ էր տառապում հիվանդություններից, ուներ խնդիրներ ոտքի, տեսողության, հիշողության և այլ օրգանների հետ կապված։ Թուխիկ տատիկի կողմը նույնպես ուներ երկու ազգանուն` Խաչատրյան և Հայրապետյան, ուստի նրա քույր եղբայրների մի մասը Խաչատրյան են եղել, մի մասը՝ Հայրապետյան։ Ահա նրանք անուններն ու ազգանունները՝ մեծից փոքր հերթականությամբ` Թուխիկ Հայրապետյան, Վարդուշ Հայրապետյան (1939 կամ 1940-2023), Վառինգա Խաչատրյան (1952 մարտի 8), Վարդան Խաչատրյան (1955 կամ 1953), Աիդա Հայրապետյան (1957)։ Թուխիկ տատի հայրը` Հովհաննեսը,  Հայրենական պատերազմի ժամանակ զենք էր փոխադրում։ Պատերազմին մասնակցել է նաև նրա եղբայրը։

Առինջը հին գյուղ է։ Գյուղի տարածքից հայտնաբերված վաղբրոնզեդարյան հնագիտական գտածոները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Գյուղ բաժանված է երկու մասի` հին գյուղ և նոր գյուղ։ Այսպես, օրինակ իմ տատիկի հայրական տունը գտնվում է հին գյուղում, բայց նրանց կառուցած տունը, որտեղ հիմա ապրում ե,ն գտնվում է գյուղի նոր հատվածում։ Այդ հատվածը ավելի մոտ է Երևանին։ Տունը կառուցելու ժամանակ, երբ հիմքը դնելու համար քանդում էին հողը, նրանք նույնպես հայտնաբերել են ուրարտական մեծ կարասներ, որոնց մեջ կար չորացած գինի։ Եվ նմանատիպ իրեր շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են ո՛չ միայն իրենք, այլև՝ հարևանները։ Տատիկս ասում է, որ իրենք բնիկ առինջեցի են։ Ինչպես մինչ այդ ասացի, հայրական տունը գտնվում է հին գյուղի տարածքում և մոտիկ է Կարմրավոր եկեղեցուն։ Տունը վերանորոգել է դեռ տատիկիս հայրիկը, բայց առաջ այն ուներ մի քանի թոնիր, գոմ և նման էր 19-րդ դարի տներին (նմանատիպը ես տեսել եմ, երբ այցելել եմ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը)։

Ասրյան

Ասրյանն իմ մյուս տոհմական ազգանունն է։ Ասրյանները ծագումով բնիկ Գետաշենից են։ Համեստ Վասիլի Ասրյանն իմ հայրական կողմի տատիկն է։ Նա ծնվել էր 03.01.1953 թվականին Գետաշենում, սովորել գյուղի դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի բժշկական քոլեջը։ Այդտեղ ծանոթացել է առաջին ամուսնու հետ և ունեցել է աղջկան` Նաիրային։ Երկրորդ անգամ ամուսնանում է իմ պապիկ Ժիրայրի հետ և ունենում երեք երեխա։ Համեստը երեխաներից կրտսերն էր, ամենամեծը Սվետան է 1935 (շուտ է մահացել), հաջորդը Սիլվան է (1941 սեպտեմբերի 19), Ռոմիկը (1944 օգոստոսի 10), Մեժլումը (1946 սեպտեմբերի 6), Էդիկը (1949 մարտի 25), Բեկլարը (Պապո) (1952 փետրվարի 29)։ Քույրերից և եղբայրներից ողջ է միայն Էդիկը։ Համեստի ծնողները` Վասիլը և Վարդուշը, ապրում էին Գետաշենում, և երբ գյուղն ընկել էր «Օղակ» ռազմական գործողությունների տակ, բոլոր երեխաներից միայն տատիկս ուղղաթիռով Երևանից գնաց Գետաշեն և դուրս հանեց ծնողներին շրջափակումից։ Համեստ տատիկը մահացել է այս տարվա սեպտեմբերի չորսին։

Մեժլում Վասիլի Ասրյանը  ծնվել է 11.01.1911 թ. գյուղ Գետաշենում։ Նա ունեցել է երեք քույր և մեկ եղբայր։ Սովորել է Գետաշենում և ունեցել բավականին լավ կրթություն։ Վասիլ պապիկը նույնպես մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Տատիկս պատմում էր, որ մինչև պատերազմ գնալը պետք է երեխա ունենար և ասել է. որ, եթե երեխան աղջիկ ծնվի, նա անպայման հետ կգա։ Ծնվեց Սիլվան և Վասիլ պապը վերադարձավ։ Նա երկու անգամ վիրավորվել է Գերմանիայում, և, որպես հերոս, արժանացել շքանշանի (Орден Отечественной войны I степени): Պատերազմից հետո վերադարձել է գյուղ և ապրել այդտեղ մինչև գրավումը։ Չկարողանալով հաշտվել տան կորուստի հետ՝ մահացել է  (մոտավորապես)  1992 թ. հունվարի 11-ին :  

Տատիկիս մայրը` Վարդուհի Սարգիսի Սեյրանյանը, ծնվել է 22.08.1922 թ. Գետաշենում։ Նա 14 տարեկան էր, երբ տնից փախավ ու ամուսնացավ Վասիլի հետ։ Բոլորը նրանց հիշում էին, որպես իրար հանդեպ սիրալիր զույգի։ Ես շատ բան չգիտեմ Վարդուշ տատի մասին, բայց ասում են, որ բնավորությամբ Համեստը նման էր իր մորը։ Նա մահացել է մոտավորապես 2004 թվականին։

Տատիկս պատմում է, որ իրենց նաև անվանում էին Ջուլհակենց ցեղ։ Նրանց տոհմը բավականին հարուստ էր, քանի որ ժամանակին «կուլակ» են եղել։ Համեստ տատիկի պապիկը` Մեժլումը, հենց «կուլակ» է եղել, և երբ կուլակաթափության ժամանակն էր, նա անձամբ հանդիպել է Լենինին և, համոզելով վերջինիս, կարողացել է պահպանել փոքր հողատարածք։ Մնացած ունեցվածքն իրենց ձեռքից խլել են։ Հետագայում իր աղջիկներից  Ռոզան հայտնաբերում է մի կուժ ոսկի, որ թաքցրել էր նրա հայրը։

Վարդանյան

Վարդանյան այն ազգանունն է, որը ժառանգել եմ ես, եղբայրս, հայրս, հորեղբայրս՝ իր երեխաների հետ միասին։ Եվ ժառանգել ենք մենք այդ ազգանունը Վարդանյան Ժիրայրից։ Կրելով այդ ազգանունը՝ ինձ գրեթե ոչինչ հայտնի չէր Ժիրայրի մասին։ Բայց ես ունեի ցանկություն՝ գտնել նրան և տեղեկություններ ստանալ։ Ահա թե ինչու ես սկսեցի հավաքել հնարավոր բոլոր տեղեկությունները նրա մասին։ Դիմեցի տարբեր միջոցների, փնտրեցի համացանցում, հարցուփորձ արեցի բարեկամներիս։ Այդ պահին ես գիտեի, որ նա՝ Ժիրայր Ասպուրակի Վարդանյանը, ծնվել է 1955 թ. հունվարի հինգին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում։ Նա ապրել է իր քեռու ընտանիքի հետ՝ Տաթևում։ Հավաքելով որոշ տեղեկություններ՝ ես և մայրիկս 2022 թվականին որոշեցինք հայտ ներկայացնել «Սպասիր ինձ» հաղորդմանը, այսպես ասած, փորձենք մեր բախտը։ Հայտը լրացրեցինք և ժամանակի հետ մոռացանք դրա մասին։ Հետո ես հավաքեցի այլ տվյալներ, օրինակ, որ իր մայրը` Անահիտը, մահացել է պապիկիս ծնվելու ժամանակ, իսկ իր հայրը` Ասպուրակը երկրորդ անգամ է ամուսնացել։ Այդ էր պատճառը, որ նա մեծացել էր իր քեռու մոտ։ Քեռին ուներ շատ երեխաններ և չէր կարողանում մեծ ուշադրություն դարձնել նրան։ Մի անգամ դրսում խաղալիս՝ ծառից մեծ օձը իջնում է և գրեթե խեղդում պապիկիս։ Համեստի հետ իրեն ծանոթացնում է խորթ մայրը. 1976 թվականի դեկտեմբերի 21-ին ամուսնացել են։ Ապրում էին Երևանում։ Տեղեկություն ունեի նաև իր հոր` Ասպուրակի մասին։ Վարդանյան Ասպուրակ Մեսրոպի, ծնվել է 1922 թ.։ Ասում են, որ նա ունեցել մի քանի հրատարակած գրքեր։ Նա նաև մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և ստացել շքանշան («За оборону Кавказа»)։ Բայց ինչքան էլ ես փորձեցի հավաքել նրա  մասին տեղեկություններ, շատ փաստեր թաքցվում էին ինձ համար։ Եվ ահա մեկ տարի հետո պապիկիս մենք տեսնում ենք, որ «Սպասիր ինձ» հաղորդման եթերում :  Որոշ ժամանակ հետո հայրիկիս զանգահարում են և հրավիրում ստուդիա՝ պատմությունն ավելի մանրամասն ներկայացնելու համար։ Ավելի մանրամասն կարող եք նայել «Սպասիր ինձ 20.11.2023թ» հաղորդման տեսագրությունը:

 Այդտեղից մենք իմանում ենք պապիկի ճակատագիրի շատ դրվագներ, որը մինչ այդ մեզ հայտնի չէր։  Հետո մենք գտնում ենք նրա բարեկամներին, և ես ավելի մանրամասն եմ իմանում նրա տոհմի մասին։ Ես գիտեի, որ պապիկս՝ ինքը զբաղվել է տոհմաբանությամբ և կազմել իր տոհմածառը, որը, ցավոք, ինձ չի հասել, նա նաև գիտեր մի քանի լեզուներ, և տիրապետում էր որոշ արվեստների (նկարչություն, փայտագործություն, քանդակագործություն և այլն): Հայրիկս հիշում է, որ իրենց տանը կային տարբեր պատմամշակութային իրեր, օրինակ կարպետներ, Տիգրան Մեծի դրամներ, հայդուկի թուր և այլն, բայց այդ ամենը առգրավվել է Խորհրդային իշխանության կողմից։ Վերջերս հանդիպել եմ պապիկիս բարեկամներից մեկին, ով պատմեց, որ իրենք արմատներով Սասունից են, և պապիկիս տատիկը ֆիդայի է եղել (Անդրանիկի խմբից): Սասունցիների ուժեղ արյուն կար նաև պապիկիս մեջ, գյուղացիները պատմում են, որ նա հեշտությամբ բարձրացրել է գետնին ընկած հաստ ծառը և տեղափոխել ուրիշ վայր։

Դեռ այսքանը կարող եմ պատմել իմ պապիկի և ընդհանրապես իմ գերդաստանի մասին։ Իմ ուսումնասիրություների ճանապարհը դեռ նոր է, առջևում շատ բան ունեմ պարզաբանելու իմ նախնիների մասին։ Եվ ես արդեն ունեմ ճանապարհիս սկզբի հարցերի պատասխանը։ Ես արդեն գիտեմ, որ իմ ինչ-որ մասնիկը Առինջից է, որևէ մի հատվածը՝ Արցախից, Գետաշենից, Մուշից, Սասունից, Երևանից, Աբովյանից և, նույնիսկ Բաքվից, բայց հիմա էլ այսքան մանրամասն իմանալով իմ արմատները՝ ես չեմ կարող ասել կոնկրետ որտեղից եմ ես, քանի որ յուրաքանչյուր վայր ունի իր յուրահատուկ պատմությունը, ուստի դրանց միջից ինչ-որ մեկն անհնար է ընտրել։ Հիմա եթե ինձ հարցնեն, թե ո՞րտեղից ես դու, ես հստակ կպատասխանեմ.

«Հայաստանից»։ Ի՞նչ կապ ունի՝ Արցախի՞ց եմ, թե՞ Մուշից, Առինջի՞ց, թե՞ Գետաշենից, չէ որ այս վայրերը Հայաստան են, եթե նույնիսկ այսօր չեն մտնում Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Վերջապես ես հայ եմ, և իմ հայրենիքն է Հայաստանը։