September 30, 2026
Սոթքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։
Ըստ ավանդության՝ Սևանա լճի վրա փչող ուժեղ քամիները կոչվում էին «սոթ», որոնց անունով էլ գավառն ստացել է Սոթք անվանումը։ Բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. գյուղի կենտրոնում է գտնվում Ք.ա. 2-1-ին հազարամյակից մինչև ուշ միջնադար թվագրվող Սոթքի ամրոցը, որի բլրի գագաթին են հայ-թուրքական բախումների ժամանակ զոհված հայ զինվորների հանգստարանները։
1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։
1604 թվականին Սոթքի հայերը ևս ենթարկվեցին Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթին և քշվեցին Պարսկաստանի խորքերը, իսկ հայերի փոխարեն տեղում ավելի ուշ հաստատվել են թուրք և քուրդ քոչվորներ։
1918-1920 թվականներին զորավար Տաղլարի Աղաբեկի գլխավորությամբ, Հովհաննես Արզոյանի ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցած դիմադրական մարտերի և 1919 թվականին իրականացված «Զոդ» օպերացիայի շնորհիվ կանխվեց այս ռազմավարական շրջանը Հայաստանից անջատելու փորձը։
1990-ական թվականներին Սոթքում վերաբնակեցվեցին Հյուսիսային Արցախից (Գարդմանից) բռնագաղթած հայերը, իսկ 1991 թվականին գյուղին վերադարձվեց նրա պատմական Սոթք անունը։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։