Սյուզաննա Մելիքյան Աշոտի
Տավուշի մարզ,քաղաք Բերդ
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Արևի առաջին շողերը դանդաղ սահում էին շառագունած հորիզոնով և հպարտությամբ ավետում արևածագի հազարամյա տարելիցը։ Կանաչածածկ ու մամռոտած կտուրով վանքը՝ սահմանապահ Խորանաշատը , այդպիսի բազում տարելիցներ էր տեսել, եղել էր բոլոր արևոտ արշալույսների և երեկոյան շամանդաղի միջից հազիվ նշմարվող տավուշյան վերջալույսների լուռ ու անկրկնելի վկան։
Սիրում էր խորհել, սիրում էր խրատել, սիրում էր նվիրվել ու նվիրել. նա կարողանում էր լսել լռությունը, թարգմանել անթարգմանելին և արտահայտել այն, ինչ մարդկային միտքն ի զորու չէ բարձրաձայնել։
Բազմազան ու տարաբնույթ էին հինավուրց վանքի բոլոր օրերը․բացվող ամեն օրը մի նոր ակոս էր ավելացնում կնճռոտված ճակատին։
Ճերմակ էր հագել Խորանաշատը․ չէ՞ որ լեռներում հարսանիք էր։ Հարսի շորը ոսկեկուռ չէր ու մարգարիտներ չուներ, և աշխարհի ամենասիրուն հարսիկն իր դեմքը չէր շպարել ծիածանի յոթ գույներով։ Հագուստը պարզ էր ու հասարակ․հարսն իր ձեռքով էր գործել՝ միահյուսելով հավատը ,սերը, հույսն ու երջանիկ ընտանիք ունենալու անսահման տենչը։ Փեսան էլ աշխարհի ամենաերջանիկն էր․ չէ՞որ դիրքերից իջել էր ՝ ընտանեկան սուրբ օջախի առաջին քարը դնելու։ Համազգեստը զինվորական էր, գլուխը՝ բարձր, պատասխանատվությունը՝ գերագույն աստիճանի։
Եթե մինչև այսօր նա պատասխանատու էր միայն հայրենիքի համար, ապա այժմ պատասխանատվությունը կրկնապատկվում էր․ պատասխանատու էր նաև հայրենիքն իր մեջ կրող ընտանիքի համար։ Երջանկությունից փայլում էր Խորանաշատը, ստեղծվող ամեն նոր ընտանիքի հետ նոր հույս էր ծնվում , և թշնամու սահմանը մի փոքր ետ տանելու չմարող հավատ։
Հուլիսյան շոգ օր էր․․․
Վառոդի հոտը բռնել էր երկինքը։ Ալեկոծվում էր Տավուշի երկնակամարը, որոտում էին թշնամու զարկերը, բայց հայ զինվորը չէր ընկրկում։ Սահման կերտած զինվորը չի կարող սահմանն անառիկ չպահել։ Մի պահ հուսահատվում է Խորանաշատը, բայց ,չէ՛, հանձնվել անկարելի է։ Տագնապում է հինավուրց վանքը, արկերը կայծակի նման պայթում են իր գլխավերևում․․․իսկ եթե գյուղը դատարկվի՞․․․
-Լռի՛ր, էլ երբեք այդպես չմտածես, տավուշցին չի կարող թույլ տալ, որ գյուղը դատարկվի, ախր գյուղի ամեն քարը իր ձեռքով է հավաքել, ամեն տուն իր ջանքով է կառուցվել, ախր դեռ մանուկներ են ծնվելու։Մեկ օրում հավիտենությունից հրաժարվել կլինի՞,- հանդիմանում է ինքն իրեն Խորանաշատը։
Չորս ծանր օրեր <<սպանեց>> հինավուրց վանքը, մինչև որ հուլիսյան մարտերում հաղթանակի դափնին հայտնվեց հայ մարտիկի ձեռքում։Ցավոք, կորուտներից խուսափել հնարավոր չէր, վանքն իր հիշողության մեջ դաջեց նահատակված հայորդիների սրբացած անունները։Վանքի պատերը ցավից սկսեցին ճեղքեր տալ, Խորանաշատը տնքում էր վշտից, ամեն զինվորի կորստի հետ մի նոր ճեղք էր ավելանում,բայց հայի ոգին կոտրվող չէ։ Թշնամու սահմանից հեռավորությունը մի քանի մետր էր, ուստի նա լսում էր ահաբեկված ասկյարների խուճապահար զրույցները։Հպարտությամբ հիշեց վանքը երբեք չլքած Գևորգ 5-րդ կաթողիկոսին, ամոթով հիշեց մորթապաշտ Հովհաննես կաթողիկոսին, ախր միշտ էլ եղել են դավաճաններ, բայց հայի տեսակը չի հանդուրժում մորթապաշտներին։Նորից ճեղքվեց Խորանաշատը, այս անգամ՝ հպարտությունից, քանի որ հայը հաղթել էր դավաճաններին։
Այսպես թրծվեց վանքի կենսագրությունը, տեսավ հաղթանակներ ու պարտություններ, լսեց բազում հանդիմանություններ, բայց երբեք վրեժով չլցվեց, փոխարենը ավելանում էին նրա ճակատի խորշոմները․․․
Այսպիսին է իմ եկեղեցին՝ Խորանաշատի նման՝ նվիրված, հավատացող, երդվյալ, չնահանջող, սրբապաշտ․․․
Իմ եկեղեցին սահմանապահ է , անհրաժեշտության դեպքում՝ մարտիկ․ միայն հայրենասերները դա կհասկանան։
Մաքրամաքուր ու անապակ օդում տարածվում էր լույս աշխարհ եկող մանկան առաջին ճիչը։Խոնարհած գլուխը ժպիտով բարձրացրեց Խորանաշատը ՝ վայելելու մանկան առաջին թոթովանքը։ Հասկացավ, որ այսպիսին է հայը․գերեզմանի մոտ դնելով մանկան ոսկե օրորոց՝ իր հույսն օրորող։Ժպտաց ճեղքված վանքը ․լույս աշխարհ էր եկել հայ զինվորի որդին, ով ի լուր աշխարհի ՝ հայտարարում էր․
–ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ, ԱՅԼ՝ ԿՐԵԼՈՒ․․․

ՀԳ․ Նկարում մամռածածկ , բայց թշնամուն հպարտությամբ սաստող Խորանաշատն է։