Իմ գերդաստանի պատմությունը. Վաղինակ Ղազարյան

Այս աշխատանքը ստացել է «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի
առաջին մրցանակ

Տերտերանք

Հարյուր հազարավոր ընտանիքների ամբողջությունից է բաղկացած հայ ժողովուրդը՝ մարդկանցից պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկական կայուն մի ընդհանուրություն, որն ինքնքտիպ, խորը հետք է թողել աշխարհի քաղաքակրթության վրա, մաքառելով ու փառաբանվելով դարերում, դիմանալով աննկարագրելի փորձությունների, ամեն անգամ փյունիկի նման վերածնվելով՝ եկել, հասել է 21-րդ դար և այսօր էլ ամեն կերպ աշխատում է պահել իր անկախությունը։ 

 Հայ ազգը գերդաստանների ճյուղավորումների մի ամբողջություն է, կազմված արյունակից ընտանիքների խմբերից, որոնց կոչում են ազգ։ Ահա այդպիսի մի ազգ են Տերտերանք՝ Ղազարյաններ և Գրիգորյաններ, ում նախնիները  1830 թվականի մայիսին գաղթելով Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Կրճնկոց գյուղից՝ եկան ու հաստատվեցին պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի  Ջավախք գավառի Գանձա գյուղում։

Գերդաստանի՝ մեզ հայտնի նախնին Վարդանն է (ծնված մոտ 1700թ․-ին), ով ապրել է Արևմտյան Հայաստանի Թոքատ (Եվդոքիա) քաղաքում։ Վարդանի Միքայել որդու տղաներից մեկին՝ Ղազարոսին տալիս են հոգևոր կրթության, ով ձեռնադրվելով քահանա ծառայության է նշանկվում Էրզրումի գավառի Կրճնկոց գյուղում (1784թ․-ին)։

Ղազարոսը Կրճնկոցում ամուսնանում է էրզրումցի Վարդուհու հետ և հիմք դնում այսօրվա Տերտերանց տոհմին։  Ես չեմ ուզում գրել գաղթելու դրդապատճառների մանրամասները, միայն  մեջբերեմ Սարգիս Կասյանի խոսքերը՝ «Թուրքահայաստանում գոյությունը դարձել է անեծք, կյանքը՝ դժոխք․․․»։

Երբ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով Էրզրումի, Բայազետի և Ղարսի փաշայությունները տրվեցին Թուրքիայն, Կարապետ Բագրատունի արքեպիսկոպոսը, վախենալով պարտված թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, ռուսական զորքերի հրամանատար Ի․ Ֆ․ Պասկևիչին է ներկայացնում  աղերսագիր՝ խնդրելով թույլադրել տեղի հայերին գաղթելու ռուսական կայսրության տարածք։ Ստանալով կայսեր համաձայնություը՝ 1830 թվականի մայիսի 15-ին գաղթականների մի մեծ բազմություն ճանապարհ է բռնում դեպի Ռուսաստան։ Բոլոր գաղթականների թիվը հասնում էր 14000 ընտանիքի՝ մոտ 95000 մարդ։ 

Այդ գաղթականների թվում էր տեր-Ղազարի ընտանիքը։ Ղազարը սկզբում բնակություն է հաստատում Դիլիսկա գյուղում։ Սակայն հինգ տարի այստեղ ապրելով՝ վեճի մեջ է գտնվում մահմեդականացած վրացի Մուսխելով կալվածատերերի հետ ու  իր ողջ գերդաստանով տեղափոխվում Գանձա։ Ի դեպ, բանավոր տեղեկություններ կան, որ Կրճնկոցից տեր-Ղազարի հետ գաղթել են նրա եղբայրները և բնակություն են հաստատել Գյումրիում (Շատվորյաններ) և Ախալցխայում(Փախրջիք)։

Գանձան հին գյուղ է։ Այստեղ պահպանվել են դեռևս մ․թ․ա․ 3-2 հազարամյակներում  կառուցված երկու բերդեր՝ մեկը գյուղի եզրին, մյուսը՝ երկու կմ գյուղից դեպի արևմուտք, Փոքր Աբուլ լեռան լանջին՝ 2700 մետր բարձրության վրա։  

Գյուղի բերդը, որը 5 000 տարեկան է, ստորգետնյա ուղիներով կապված է եղել Գանձայի բնակելի տների հետ, եղել են նաև ստորգետնյա աղբյուրներ, որոնցից 2-ը մինչև հիմա պահպանվում են։ (Իմ կողմից կազմվել է այդ ստորգետնյա ուղիների քարտեզը)։

  Գանձայում պահպանվել են նաև 13-14-րդ դարերում կառուցված, այսպես կոչված, Վերին և Ներքևի միանավ, բազիլկ եկեղեցիները և մի մատուռ  Սուրբ Հովհաննես լեռան գագաթին՝ ծովի մակերևույթից 2327 մետր բարձրության վրա։

     Այս գյուղում է գործել տեր- Ղազարը։ Տեր- Ղազարի ընտանիքում ծնվել  են 3 տղա և 2 աղջիկ՝ Վարսենիկ, Աստղիկ, տղաները՝ Սեղբոս (1785-1880թթ․),  Պետրոս (1790-1855թթ․), Գրիգոր (1802-1871թթ․)։

   Սեղբոսը դեռևս Կրճնկոցում ձեռնադրված էր քահանա, եղել է անժառանգ, ոտքով ուխտ է գնացել Երուսաղեմ և դարձել մահտեսի։

  Տեր-Ղազարի մյուս տղան՝ Պետրոսը, նույնպես ամուսնացած էր նախքան Գանձա գալը։ Նրա կինը՝ Շողերը, Ղարսում ապրող Դիմաքսյան  իշխանական ընտանիքի աղջիկներից էր։ Պետրոսի 3 որդիներից ավագը՝ Ավետիսը, ծնվել է 1813թ․-ին, Միքայելը՝ 1826թ․-ին, իսկ փոքր տղան՝ Կարապետը, 1829թ․-ին։

  Տեր-Ղազարոսի կրտսեր որդին՝ Գրիգորը, արդեն ամուսնացել է Գանձայում, կնության առնելով Ղրըկեզենց (Տոնականյան) Տոնականի աղջկան՝ Նախշունին։

  Գանձայի «Սուրբ Կարապետ» եկեղեցու հիմնադիր Գրիգորն ու նրա կինը՝ Նախշունը, արժանացել են եկեղեցու հարևանությամբ թաղվելու պատվին, մինչև հիմա էլ նրանց տապանաքարերը անփոփոխ իրենց տեղում են։

  Այս 2 եղբայրների՝ Պետրոսի և Գրիգորի սերունդներն են, որ հետագա տարիներին բազմացան և կազմեցին  Տերտերանց մեծ տոհմը։ Վերջին հաշվումներով՝ տոհմում առկա 180 ընտանիքներից մոտ 120-ը գրվում են Ղազարյան, իսկ 60-ը՝ Գրիգորյան ազգանուններով։

  Մեր տոհմը ունեցել է 6 քահանա՝ տեր-Ղազարոս, տեր-Սեղբոս, տեր-Գրիգոր, տեր-Սուքիաս, Սուքիասի որդիներ տեր-Ղազարոս (Ջավախեցի գրական մականունով), և տեր-Ներսես։ 

    Ներսեսը (1882-1949թթ․) քահանա է ձեռնադրվում հոր՝ տեր-Սուքասի, մահվանից հետո՝ 1914թ․-ին, սակայն, շատ քիչ է աշխատում, որպես քահանա, ավելի շատ զբաղվել է ուսուցչությամբ և Գանձայում հիմնել է Անդրկովկասում առաջին գյուղատնտեսական կոոպերատիվը և գյուղական վարկատու բանկը։ 

  Մեր տոհմից է մրցակցությունից դուրս գտնվող Վահան Տերյանը, ում մասին ես չեմ գրի, նկատի ունենալով, որ նրան գիտեն  աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերը և ոչ միայն․․․։ Համառոտակի կթվարկեմ մեր տոհմի հայտնի մարդկանց և նաև մի քանի այլ հայտնիների, ովքեր այս տոհմից են մայրական կողմից․

  Տեր-Գրիգոր (1832-1871թթ․)- Եղել է խելացի, եռանդուն, ուժեղ կամքի տեր, անվախ անձնավորություն։ Գանձացիները  երիտասարդ Գրիգորին դարձնում են յուզբաշի (տանուտեր)։ Հոր մահից հետո ձեռնադրվում է քահանա և իր միջոցներով ու գյուղացիների աջակցությամբ 1851թ․-ին ձեռնամուխ  լինում գյուղի նոր ու հիասքանչ եկեղեցու շինարարությանը։ 1859թ․-ին եկեղեցին օծվում է՝ դառնալով հոգևոր և մտավոր կյանքի կենտրոն։ 

  Մեր համագյուղացիները չեն մոռացել, որ տեր-Գրիգորը երկարատև և դժվարին վեճեր է վարել հարևան Սաղամո գյուղի մահմեդական կալվածատերեր Հասանովների հետ, կարողացել է հողային հարցերը վճռել ի օգուտ գանձացիների։ Նա այնպիսի հռչակ է ձեռք բերում, ոչ միայն Ջավախքում, այլև հարևան Ախալցխայի, Գյումրու և Թուրքիայի սահմանակից շրջաններում, որ թուրքերի կողմից ստանում է Ասլան Գրիքոր մականունը։

  Տեր-Գրիգորի մահից հետո, նրա 5 արու զավակներից 4-ը, իրենց Տեր-Ղազարյան ազգանունը փոխարինում են՝ Տեր-Գրիգորյանով։ Նրա ավագ որդին չի համաձայնում այդ փոփոխությանը ասելով՝ «Ազգը մի՛ պառակտեք» և իր զավակներին արգելում է փոխել։

   Տեր-Սուքիաս (1840-1914թթ․)-Տեր-Գրիգորի զավակներից Սուքիասին էր բախտ վիճակված շարունակելու հոր գործը՝ դառնալ Գանձայի քահանա, և ավարտին հասցնել եկեղեցու կառուցումը։ Ուսումը շարունակելու համար, Փարիզ մեկնող Սուքիասին անմիջապես  ամուսնացնում են Չանդուրա գյուղի  տիրացուի աղջիկ   Յուղաբերի հետ։ Սակայն Սուքիասը հասուն տարիքում էլ չմոռացավ իր ուսման կիսատը լրացնելու խնդիրը։ Ամբողջ հայ գրականությունը և թարգմանական գրականությունը կարդալուց հետո, սկսեց ռուսերեն  սովորել և բառարանների օգնությամբ կարդալ փիլիսոփայական գրականություն։ 1901 թվին Հ․ Թումանյանը  այցելում է Ջավախք և 3-4 օր մնում  տեր-Սուքիասի տանը: Ահա, թե այդ օերի մասին ինչ  է գրում Սուքիասի ավագ որդին՝ Ղազարոսը․

   «․․․Ճաշի սեղանը պատրաստ էր վաղուց, բայց լուռ սպասում էինք Հովհաննեսին, չէինք ուզում խանգարել բանաստեղծի ստեղծագործական մենությանը։ Վերջապես դուրս եկավ, կանգնեց սեղանի գլխին ու աջ բազուկը արծվի թևի պես մեկնելով կանչեց․

   Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր․․․

Ու կարդաց «Փարվանայի» նախերգանքը ամբողջությամբ, որ գրել էր հենց այդ օրը, մեր տանը։ Ճաշը շատ փոթորկալից անցավ։ ․․․Լեզուներս բացված խոսում էինք, վիճում կյանքից, գրականությունից ու փիլիսոփայությունից․ մեկը քրիստոնեությունն էր քննադատում, մյուսը Տոլստոյից էր ճառում, երրորդ՝ Նիցշեին գովաբանում կամ դատապարտում։

  -․․․Ներեցե՛ք, պարոննե՛ր ինձ էլ մի խոսք կհասնի՞․․․

  -Հանկարծ խոսեց հայրս։ Բոլորս լռեցինք։

 -Ասի տեսնես ի՞նչ կրոնական խենթություն պիտի դուրս տա  դերվիշի դեմքով գյուղական էդ տերտերը,-զարմանքով պատմում էր հետո Հովհաննեսը ամենքիս։

  -Հետաքրքիր է պարոննե՛ր, ի՞նչ եք կարդացել դուք ձեր այդ քննադատած հողինակներից,- դիմում է հայրս մեզ։

  Ամենքս մի բան հիշեցինք, բայց դուրս եկավ, որ շատ քչերս էինք ծանոթ դրանց հիմնական գործերին։ 

  -Դու՛ք ի՞նչ եք կարդացել դրանց քննադատներից։ Գիտե՞ք ինչ կա, պարոններ, ես կարդացել եմ ձեր քննքդատած հեղինակների բոլոր գործերը, նրանց ասինչ-անինչ քննադատներին, բայց այնուամենայնիվ չէի համարձակվում միջամտել ձեր խոսակցությանը, ընդ որում, ես ինձ անպատրաստ եմ համարում այդպիսի լուրջ բանավեճի համար․․․ Ու,  բանալով պատի տակ դրված հասարակ փայտյա պահարանը, սեղանին թափեց տասնյակ հաստափոր գրքեր։

  -Տեսե՛ք, ես կարդացել եմ այս բոլորը, կարդացել եմ մի քանի անգամ, մտածելով անքուն գիշերներ եմ լուսացրել, բայց դեռ չեմ հանդգնում քննադատել նրանց, որովհետև դեռ քիչ բան գիտեմ, չեմ կարդացել եվրոպական գրականությունը, մեծ մարդկանց կարծիքը նրանց մասին․․․

 Թումանյանը երեք օր մնաց մեր տանը, ու շատ անգամ հորս հետ խոսելով լուսացնում էին ողջ գիշերը և երկուսն էլ չէին կշտանում իրարից»։

 Տեր-Սուքիասի մասին, ով  արտակարգ հարգանք է վայելել գյուղում և ամբողջ գավառում, կարելի է առանձին գիրք գրել, բայց բավարարվենք այսքանով։ Եվ վերջապես, նրա կրտսեր որդին Վահան Տերյանն էր, որը շողշողաց հայ բազմադարյան պոեզիայի երկնակամարում՝ փառք ու պատիվ, ճանաչում  բերելով Գանձային։

  Թորոս Տեր-Ղազարյան (1832-1905թթ․)- Վահան Տերյանի ավագ հորեղբայրը։ Բարձրահասակ, հաղթանդամ, թիկնեղ, արծվահայաց մարդ էր։ Ինքնակրթությամբ ձեռք էր բերել ժամանակի և շրջանի համեմատությամբ աչքի ընկնող զարգացում և մտավոր պաշար։ Կարդացել էր հայ և եվրոպական գրականությունից շատ գրքեր։ Առանձնապես սիրում էր Գյոթեին։

  Թորոսի բազուկը վայրկյան անգամ չէր դողում մարդուն խորտակիչ հարված հասցնելու, բայց միաժամանակ նրա սիրտն այնքան զգայուն էր, որ ընդունակ էր երեխայի պես արցունք թափելու ի տես որևէ սրտառուչ տեսարանի։

  Նա իր կյանքի մեծ մասը ձրի ծառայեց Գանձայի հասարակությանը, վատնեց իր ողջ կարողությունը, պաշտպանեց գյուղի հողային վեճը թուրքերի դեմ (տեր-Գրիգորի մահից հետո թուրքերը Գանձայի հողերի հաշվին նորից ընդարձակել էին իրենց հողերը), դատի ենթարկեց ռուս պաշտոնյաների, արխիվներ քրքրեց, գյուղացիների համար հողային լայն սահմաններ ապահովեց․․․

  Թորոսը բնության անվերապահ սիրահար էր և բանաստեղծությունների իր ձեռագիր գիրքն ուներ։ Եվ երբ 70 տարեկանն անց այցի էր գնացել Ղարսում ապրող որդիներին, այնտեղ հիվանդացավ ու մեռավ։

  -Ա ՜խ , երնեկ Գանձայի չայիրները մեռնեի,-այս էր Թորոսի վերջին իղձը՝ վերջին շունչը փչելիս։ 

 Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, 1901թ․-ին մեր գյուղ գալով, մոտիկից ծանոթանում է Թորոսի հետ և հեռանում է ապշած այս մարդուց։ Թիֆլիսում նա սիրում էր պատմել, թե ինչպես մի գյուղացի վիճելով իր հետ գրականության, փիլիսոփայության և կրոնի մասին, հաճախ իրեն նեղն է գցել։

 Թորոսի բանաստեղծությունների գիրքը 1918թ․-ին Ղարսից Գանձա փախչելու ժամանակ նրա Զաքար որդին իրենց ունեցվածքի մի մասի հետ թաղում է Ղարսի իրենց բակում։

  Ղազար Սուքիասի Տեր-Գրիգորյան (Ջավախեցի 1874-1937թթ․)- Ուսուցիչ, հայ մամաուլի երկարամյա թղթակից, քահանա, հայ հասարակական, մտավորական շրջանների անվանի ներկայացուցիչ, հայտնի գյուղագիր ։ Վ․ Տերյանի ավագ եղբայրն է։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։

  1900թ․-ից հանդես է եկել «մշակում»։

  1905թ․-ին հրատարակվել և 1930թ․-ին վերահրատարակվել է Ջավախեցու «Պատկերներ» գիրքը։

  1907թ․-ի ապրիլին միաձայն ընտրվում է Մոզդոկի հայոց դպրոցների տեսուչ։

  1911թ․-ից լույս տեսած «Հորիզոնի» աշխատակիցների՝  Ղ․ Աղայանի, Հովհ․Թումանյանի, Լեոյի և Շիրվանզադեի կողքին արժանիորեն հիշատակվում է Ջավախեցու անունը։  

  Արամ Սուքիքսի Տեր Գրիգորյան (1879-1925թթ․)- Արամը տեր- Սուքիասի տղաներից երկրորդն էր։ Թիֆլիսում Առաջին գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակում է Պետերբուրգի  և Դորպատի համալսարաններում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ Թիֆլիսում Արամի ստեղծած «Ընկեր» անունով խմբակի հեղինակությունը բարձրանում է և հեղինակություն ձեռք բերում հայ ինտիլիգենտ շրջանակներում, հանդիպում է մինչ այդ գոյություն ունեցող  «Ծիածան» աշակերտական միությանը, որը գլխավորում էր Ստեփան Շահումյանը։ Այս երկու խմբերը միավորվում են  «Ծիածան» անվան տակ, իսկ թերթը նախկինի պես մնում է «Ընկեր» անունով։ Ստ․ Շահումյանը, որ «Ծիածանի» նախագահն էր, հրաժարվում է, և նախագահություհը հանձնում է Արամ Տեր-Գրիգորյան։

 Իրավաբանական կրթուրյունն ավարտելուց հետո Արամը տեղափոխվում է Թիֆլիս՝ ըստ մասնագիտության աշխատելու։ Այդ տարիներին է, որ (1908թ․) Արամին տեղեկացնում են, որ Գանձա, Սաթխա, Արագյալ գյուղերում մտցվել են պատժիչ ջոկատներ (էկզեկուցիա)։ Այս գյուղերի սահմանագծում սպանել էին Սաղամոյի Ասլան աղային և իր ղոչիննեին (թիկնապահներին)։ Արամին հաջողվում է համոզել Թիֆլիսի նահանգի նահանգապետին իր հետ մեկնել Գանձա։ Եվ մեկ շաբաթ չանցած պատժիչ ջոկաները հանվում են։ Արամը փրկում է այս գյուղերի բնակիչներին կոզակներին պահելու բեռից և նրանց անկանխատեսելի անօրինակություններից։ (Ամեն գյուղում կար 30 կոզակ իրենց ձիերով ու գյուղացիները պարտավոր էին կերակրել և՛ կոզակներին, և՛ նրանց ձիերին)։

   1916թ․-ից Արամը նշանակվում է ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի մատակարարման բաժնի պետ։

   Արամ Տեր-Գրիգորյանը, ի դեմս իր սերունդների, հայ ժողովրդին  տվել է նշանավոր անհատներ։ Նրա մեծ աղջկա՝ Սեդայի որդին է հայտնի կոմպոզիտոր, երգահան, պետական մրցանակների դափնեկիր Էդգար Հովհաննիսյանը, իսկ Պարույր որդու տղան բանասիրական գիտությունների  դոկտոր, ակադեմիկոս  Արամ Գրիգորյանն է։

  Վարազդատ Հակոբի Ղազարյան (1909-1990թթ․)։ 1925թ․-ին Գանձայում հիմնադրվում է առաջին կոմերիտական բջիջը՝ 11 կոմերիտականներով, որի քարտուղար է ընտրվում Վարազդատը, ով աչքի էր ընկնում ակտիվ ջանասիրությամբ։ 

  1940թ․-ին, Երևանում ավարտելով անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտիը անցնում է կուսակցական ախատանքի՝ սկզբում որպես ՀԿԿ Կենտկոմի գյուղբաժնի հրահանգիչ, այնուհետև 1947-54թ․թ․ Ստեփանավանի և Ղուկասյանի շրջկոմների առաջին քարտուղար, որից հետո շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՍՍՀ մսեղենի-կաթնեղենի արդյունաբերությունը։ 1965-83թ․թ․աշխատել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարարի տեղակալ։

                                                 *** 

   Մեր գերդաստանի յուրաքնչյուր անհատի մասին ես ունեմ ընդարձակ կենսագրություն, նրանց հետ կապված հետաքրքրաշարժ դեպքերով, անցքերով։ Սակայն այդ ամենը գրելուց կստացվի ծավալուն գիրք, ուստի գրում եմ շատ համառոտակի։

  Զարուհի Գևորգի Մալխասյան (1903-2000թ․թ․)

Վահան Տերյանի ավագ քրոջ՝ Թագուհու  աղջիկն է։ Առաջին կինը Ջավախքից էր, որ ռուսերենին չը տիրապետելով, հասնում է Մոսկվա ընդունվում և ավարտում է Տիմիրյազևի անվան ակադեմիան։ 1940թ․-ին գանձացի աղջիկը արդեն Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմի գյուղբաժնի վարիչն էր։ Ամուսնությունից հետո տեղափոխվում է Լատվիա։ 1948թ․-ից սկսում է դասախոսել կուսակցական բարձրագույն դպրոցում։ Հետագայում նա ՌՍՖՍՀ-ի գյուղմինիստրության նորարարական բաժնի պետն էր։ 

 Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պարգևներով։

 Հուսիկ Ավետիսի Ղազարյան (1916-2001թ․թ․)-Նրան սիրում և հարգում էին բոլորը՝ որպես հիանալի ու առաքինի մարդ, հմուտ լրագրող, հասարակական ականավոր գործիչ։ 1943թ․-ից մինչև 1951թ․-ը եղել է Բոգդանավկայի շրջանի «Ստալինյան ուղի» թերթի խմբագիրը։ 1951-57թթ․ Բոգդանովկայի կուսշրջկոմի 2-րդ քարտուղար, 1958-63թթ․-ին եղել է Բոգդանովկայի, իսկ 1963-73թթ․-ին՝ Ախալքալաքի ժողովրդական դեպուտատների, շրջանային գործադիր կոմիտեի նախագահը։

  Հ․ Ղազարյանը ընտրվել է Վրացական ԽՍՀ 6-րդ և 7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 22-րդ համագումարում ընտրվել է Վրաստանի կոմկուսի ԿԿ անդամության թեկնածու։

   Հ․ Ղազարյանը նաև հրաշալի բանաստեղծությունների հողինակ է։

  Ստեփան Միսակի  Տեր-Գրիգորյան (1930-1994թթ․)- Դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով՝ ստանում է գյուղատնտեսական  բարձրագույն կրթություն և դառնում մեր շրջանի առաջադեմ գյուղատնտեսներից մեկը։ Նրա նախաձեռնությամբ 1960թ․-ին Բոգդանովկա ավանում հիմնվում է զբոսայգի։ Նա ձեռնամուխ է լինում անտառազուրկ Ջավախքում ստեղծելու արհեստական անտառներ։ Միայն Գանձայում արհեստական անտառներն զբաղեցնում են 1000 հեկտարից ավելի տարածք։ 1974-1977թթ․-ին և 1982-1992թթ․-ին Գրիգորյանը ղեկավարում է շրջանի ամենամեծ՝ Գանձայի, պետական տնտեսությունը։

   Պոեզիայի Տերյանական օրերին Գանձան ընդունում էր բազմահազար  հյուրերի։ Գյուղում հյուրանոց չկար և բանաստեղծի  ազգական Ս․ Գրիգորյանը  իր տան դռները լայն բացում էր բոլորի համար։ Ով ասես, որ չի վայելել Ստեփանի կնոջ՝ տիկին Լիդայի հյուրասիրությունը՝ Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, Էդվարդ  Ջրբաշյանը, Բենիկ Սեյրանյանը և ուրիշներ։ Եղել է, որ մի օրում հյուրասիրվել են 35- 40 մարդու և բոլորն էլ գոհ են հեռացել այս հյուրասեր հայ օջախից։

  Վլադիմիր Ստեփանի Գրիգորյան (1930-2003թթ․)- 1953թ․-ին երիտասարդ տղային ընտրում են գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ, 1960թ․-ին ընտրվում է Գանձայի գյուղկոոպի նախագահ, ուր աշխատում է մինչև 1974թ․-ը։ 1971թ․-ի հուլիսի 17-ին Վ․ Գրիգորյանը արժանանում է վրացական ՍՍՀ գյուղատնտեսության վաստակավոր աշխատողի կոչման և պրգևատրվում պատվոգրով։

 Վ․Գրիգորյանի ջանքերով Թբիլիսիում ձուլվեց և Գանձա բերվեց  Վահան Տերյանի բրոնզաձույլ կիսանդրին։

  1974թ․-ին Վ․ Գրիգորյանը տեղափոխվեց Երևան՝ աշխատանքի,  և 1978թ․-ից Երևանի Շահումյանի շրջանի հասարակական սննդի միավորման սրճարան-ռեստորանների տնօրենն էր, ուր աշխատեց մինչև  ՍՍՀՄ-ի փլուզումը։

  Կամսար Ներսեսի Գրիգորյան (1911-2004թթ․)-Վրաստանում մի շարք աշխատանքներ  ղեկավարելուց հետո, 1935թ․-ից աշխատոնքի է մեկնում Լենինգրադ և 1939թ․-ին ստանում՝ գրականագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1939թ․-ից՝ կրտսեր գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտում, այնուհետև մինչև 1941թ․-ը՝ ավագ գիտաշխատող։

  Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց հետո, 1946-65թթ․-ին՝ նորից ավագ գիտաշխատող  նույն ինստիտուտում, 1966-1970թթ․-ին՝ տնօրենի տեղակալ։

 1955թ․-ից Գրիգորյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ մենագրությունների հեղինակ։ Նա պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Կարմիր աստղի» շքանշաններով։

  Արամ Պարույրի Գրիգորյան (1930-2022թթ․)-Հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996թ․), ԽՍՀՄ գրողների միության անդամ՝ 1967թ․-ից։

1953թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1979-1988թթ․-ին եղել է Հայաստանի  գրաղների միության վարչության քարտուղարը։

  Եղել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, 2000-2004թթ․-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։ 2003թ․-ից՝ ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի  գիտական ղեկավար, «ՌՀՀ բանբերի» խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ։

  Ա․ Գրիգորյանի  հիմնական աշխատությունները վերաբերում են գրականության  տեսությանը, հայ գրականության պատմության և ազգային առանձնահատկություններին։

 Վարուժան Մերուժանի Ղազարյան (Ծնվ․1961թ․)- 6 տարեկան էր Վարուժանը, որ շրջանային թերթում նրա մասին հոդված հրապարակեց՝ «Հիանալի մտքի տեր երեխան» վերնագրով։ Դեռ մանկուց երազում էր դառնալ բժիշկ և ժպիտով հայտարարում էր․-«Վիրահատող բժիշկ՝ խելացի գլխի ղեկավարությամբ»։ 

  1983թ․-ին, բանակից զորացրվելով, մեկնում է Ալթայի երկրամաս և դառնում Պառնաուլի բժշկական ինստիտուտի վիրաբուժական ֆակուլտետի ուսանող։ 

  1995-2000թթ․-ին պետական բժշկական համալսարանի ընթերակա։ 

  2000թ․-ին Վարուժանը արդեն բժշկականն գիտությունների թեկնածու է  և Մոսկվայի համալսարանի վիրաբուժության ամբիոնի ավագ գիտաշխատող։

  2008թ․-ին Վ․ Ղազարյանը պաշտպանում է դոկտորական թեզը։  Նա ավելի քան 180 գիտական հոդվածներ ունի՝ հրապարակած հայրենական և արտասահմանյան ամսագրերում, իր անունով գրանցված են 9 գիտական գյուտեր։ 

  Այժմ Մերուժանը աշխատում է Գերմանիայում, որպես ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ։

Հմայակ Իշխանի Գրիգորյան (1929-2023թթ․)-Հմայակը բանաստեղծ է, մշակութի գործիչ, բանահավաք, նկարիչ։ Գյուղից տեղափոխվելով շրջկենտրոն՝ աշխատել է մշակույթի տանը, որպես գեղարվեստական մասի ղեկավար և հետո շուրջ 10 տարի՝ մշակույթի տան տնօրեն։ 40 տարվա ընթացքում բեմ  է ելել 1000-ավոր անգամներ, հիմնականում՝ գլխավոր դերերում։

 1987թ․-ին իր ղեկավարած խմբով 7 համերգ է ունեցել Ադրբեջանի Շահումյանի շրջանի գյուղերում և շրջանակներում։

  Գրիգորյանը 6 գրքի հեղինակ է։

 2008թ․-ին Երևանի Հովհ․ Թումանյանի  թանգարանում անցկացված՝ «Երկնքից 3 խնձոր ընկավ» մրցույթում Հ․ Գրիգորյանը պարգևատրվում է հատուկ մեդալով և դրամական պարգևով, որպես Ջավախքի բարբառով լավ հեքիաթասաց։

 Մոլիկ Մկրտչի Սեդրակյան (1932-2020թթ․)-Մեր տոհմից է մոր կողմից, իմ հորաքրոջ տղան է։ Հայրը 1942թ․-ին զորակոչվում է պատերազմ և այլևս չի վերադառնում։ Մոլիկը 10 տարեկանում դառնում է Գանձայի փոստատարը։ Դպրոցական տարիներից թղթակցում է շրջանային թերթին։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատոնքի  է անցնում շրջանային թերթի խմբագրությունում։ 1966թ․-ից Սեդրակյանը նշանակվում է շրջանային «Արշալույս»  թերթի խմբագիր և այդ աշխատանքում մնում է միչև 1984թ․-ը, միաժամանակ լինելով «Սովետական Վրաստան» թերթի հատուկ թղթակիցը՝ մեր շրջանից։ 

   1967թ․-ին Սեդրակյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է պոեզիայի Տերյանական օրերը Գանձայում։ Ինչը մեծապես նպաստեց գավառի մշակութային  կյանքի աշխուժացմանը։

   Սեդրակյանի աշխատանքը գնահատվում էր շատ բարձր, նրա խմբագրած թերթը հաղթող է ճանաչվում մամուլի հանրապետական մրցույթում, իսկ Մոլիկ Սեդրակյանը արժանանում է կառավարական բարձր պարգևի՝ Կարմիր դրոշի շքանշանի։

  Նա Ջավախքի հայության հարահոս կյանքի տարեգիրն էր, մի քանի գրքերի՝ հեղինակ։

  Արշալույս Հայկազի Ղազարյան (Ծնվ․1957)-Վորոշիլովգրադի բարձրագույն զինվորական ուսումնարանն ավարտելով՝ ստանում է օդաչու-ղեկապետի որակավորում։ Եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի N զորամասի  գնդի հրամանատարական կետի մարտական ղեկավարման սպա, գնդի շտապի պետ, հրամանատարական կետի պետ, բրիգադի հրամկետի ավագ խորհրդական Եմենի հանրապետությունում, այնուհետև հերթափոխի ավագ  ղեկապետ։ 

  1992թ․-ից ծառայում է ՀՀ բանակում։ Եղել է օդային երթևեկության ղեկավարման կենտրոնի շտաբի, ավիացիայի  վարչության պետ։

  1996-98թթ․-ին՝ ավիացիայի վարչության օպերատիվ բաժնի պետ։ 

  1993թ․-ից ՀՀ բանակի փոխգնդապետ է։

   1998թ․-ից Արշալույս Ղազարյանը Երևանի ռազմական ավիացիոն ինստիտուտի համազորային պատրաստության և ռազմաօդային ուժերի մարտավարության ամբիոնի պետն է։

     Դմիտրի  Արշավիրի Նալբանդյան (1906-1993թթ․)-Արշավիրի մայրը՝ Եղիսաբեթը, Վահան Տերյանի հարազատ հորաքույն էր։ Նալբանդյանը ճանաչում էր ստացել որպես դիմանկարիչ։ Ստեղծել է Սովետական պետության շատ առաջնորդների դիմանկարներ՝ Ի. Վ․ Ստալինի, Ն․ Ս․ Խրուշչովի, Վ․ Ի․ Լենինի, Լ․ Ի․ Բրեժնևի և այլոց։ Նրան անվանում էին « Քաղբյուրոյի առաջին վրձին»։

   1946թ․-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1982թ․-ին նրան շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում և ստանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկե աստղ։

   1953թ․-ից՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ակադեմիայի իսկական անդամ, 1974-1993թթ․-ին ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի նախագահության անդամ։ Արժանացել է բազմաթիվ շքանշանների ու մեդալների։

  Արփենիկ Արշավիրի Նալբանդյան (1916-1964թթ․)-Դմիտրի Նալբանդյանի քույրն է։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կինն էր։ 1943թ․-ից Հայաստանի նկարիչների միության անդամ, 1957թ․-ից դոցենտ։ Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի և բնանկարի ժանրերում։ Ստեղծագործական  25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ։

  Էդգար Սերգեյի Հովհաննիսյան (1930-1998թթ․)-Հայ սովետական կոմպազիտոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ։ 1953թ․-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1957թ․-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար Արամ Խաչատրյան)։

  1962-68թթ․-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն։ 1974թ․-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։ Հովհաննիսյանի ստեղծագործություններում կարևար տեղ են գրավում բալետները՝ «Մարմար», «Երկնագույն նոկտյուրն», «Հավերժական կուռք», «Անտունի», «Սասունցի Դավիթ»; Էդգար Հովհաննիսյանը, լինելով  Արամ Տեր- Գրիգորյանի թոռը բազում շաբաթներ է անցկացրել Գանձայում, իրեն համարում էր Գանձացի և դա հաճախակի էր կրկնում տարբեր առիթներով։ Նա, Տերյանի 100- ամյակին, Տերյանի խոսքերով 12 երգ գրեց, որոնք առաջին անգամ հնչեցին Գանձայում։

Բուլատ Շալվայի Օկուջավա (1924-1997թթ․)-Ռուս սովետական բանաստեղծ, արձակագիր, երգահան։ Տերյանի հորաքրոջ՝ Եղիսաբեթի ժառանգներից է։ Օկուջավայի մայրը՝ Աշխենը, մեր գյուղից էր։ Օկուջավայի բանաստեղծություններին հատուկ են ռոմանտիկական պատկերավորության և խոսակցական հնչերանգի ներդաշնակությունը։ Նա հայտնի է նաև որպես քնարական երգերի հեղինակ ու կատարող։ Գրել է նաև արձակ գործեր։ 

  «Ես ինձ համարում եմ պարզապես զրուցակից», – իր ստեղծագործության մասին սիրում էր հայտարարել Օկուջավան։

  «․․․Նախ մեղադրեք ինքներդ ձեզ, սովորեք այդ արվեստը։ Ոչ թե ուրիշի, այլ ձեր մեջ հաղթեք թշնամուն, միայն այդ դեպքում մարդ կդառնաք»,- խրատում է  Օկուջավան։

Վարդ Ավետիսի Ղազարյան(1929-2020թթ․)-Բանաստեղծ, մանկավարժ, թղթակից, առակագիր։ 6 գրքերի հեղինակ է։

1960-88թթ․-ին աշխատել է Գանձայի դպրոցներում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Երկար տարիներ ղեկավարել է Գանձայի Շ․ Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասը։ Ղազարյանը, բացի շրջանային թերթից, թղթակցել է նաև «Սովետական Վրաստան», «Ոզնի», «Կամուրջ», «9-րդ հրաշալիք» թերթերին։ 1988թ․-ից ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Մեկը մյուսի հետևից լույս են տեսնում նրա բանաստեղծությունների, առակների, քառյակների գրքերը։ Ապա նա մեկ առ մեկ հավաքում և հրատարակում է «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում» գիրքը՝ նվիրված Արցախյան առաջին պատերազմում զոհված  Ջավախքցի հերոսներին։

Անվանի թարգմանիչ է Արմեն Ներսեսի Տեր- Գրիգորյանը(1909-1991թթ․)։ Նա հայերեն է թարգմանել Լեսկովի, Պաուստովսկու, Գրանինի, Լեոնիդ Ադրեևի և այլ հեղինակների գործերից։

Արմենի ավագ որդին Նորայր Տեր-Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական Ֆակուլտետը և Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրան։ Նորայրը ավագ դասախոս է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Նվարդ Տերյան (1920-1978թթ․)-Ինչպես ինքն է գրում․- Ծնվել եմ Մոսկվայում, ապրում եմ Երևանում, բայց իմ «սիրտը նաիրյան» միշ՛տ գտնվում է «հարազատ օրրանում»՝ Գանձայում։ Վահան Տերյանի միակ ժառնգն է, ծնվել է հոր մահից 3 ամիս անց, և մոր՝ Անահիտի հետ ապրել Մոսկվայում։ 1937թ․-ի ամռանը Տերյանի ավագ եղբայր Ղազարոսը մեկնում է Մոսկվա և Տերյանի մինուճար աղջկան՝ Նվարդին բերում  Երևան։ 

Նվարդը ամուսնանում է բանաստեղծ Գևորգ Էմինի հետ և ծնվում են 2 տղաները՝ Վահանը և Գրիգորը։

Նվարդ Տերյանը նախաձեռնեց Տերյանի 67 անտիպ նամակների ռուսերեն հրատարակությունը։ Դրանք, ինչպես նշում է ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործությունը բացահայտելու նոր ու մեծարժեք սկզբնաղբյուր են հանդիսանում։ 

Ցավալիորեն շատ քիչ ապրեց Նվարդը, նրա աճյունը, իր կամքի համաձայն, հանգչում է Գանձայում՝ իր նախապապ տեր-Գրիգորի շիրիմի հարևանությամբ։

Նախշուն Ստեփանի Գրիգորյան (1914-2000թթ․)-Տարրական դասարանների երկարամյա Մանկավարժ։ 45 տարի աշխատել է հայրենի գյուղի դպրոցում։ Բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է մի շարք մեդալներով։

1960թ․-ին Վրացական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։                                

                                                          ***

Մեր տոհմից գիտությունների թեկնածուներ են նաև Սվետլանա Արշավիրի Տեր-Գրիգորյանը, Էդուարդ Հուսիկի Ղազարյանը, Արամ Հայկազի Ղազարյանը, Մարինա Սոկրատի Գրիգորյանը։

                                                         ***

1985թ․-ին Վահան Տերյնի ծննդյան 100 ամյակի տարում  իմ կողմից կազմվեց մեր գերդաստանի տոհմածառը՝ 2 տարբերակով։ Սա Ջավախքում կազմված առաջին տոհմածառն էր։

Առաջինը մեծ է, գունավոր և մեկ օրինակով, ունի, 2,6 մ․ բարձրություն և 1,7 մ․ լայնություն։ Ներքևում գյուղի համայնապատկերն է, իսկ հեռվում երևում են նաև Սիսն ու Մասիսը։

 Երկրորդ տոհմածառը կազմել եմ այնպես, որ տոհմի անդամների անունները փոքր չափի վրա ազատ կարդացվեն, սա սև ու սպիտակ է՝  A-1 ֆորմատի թղթի վրա։ Ծառի ներքևում իմ ձեռագրով գրված է տոհմի համառոտ պատմությունը։ Այս տոհմածառը բազմացվել է և բաժանվել տոհմի բոլոր ընտանիքներին, ինչպես նաև տոհմահավաքի բոլոր հյուրերին։ Իդեպ 1985թ․-ի հուլիսին տեղի ունեցավ մեր տոհմի հավաքը, որին մասնակցեցին  Տերտերանց 500-ից ավելի չափահաս անդամներ։ Այս հավաքի պատվավոր հյուրերից էին Սիլվա Կապուտիկյանը, Ռուբեն Մաթևոսյանը։ Բոլոր ելույթների ձայնագրությունները պահվում են ինձ մոտ, ունենք նաև համր տեսագրություն։

Չբավարարվելով այսքանով՝ 1995թ․-ին կազմեցի մեր գերդաստանի ալբոմը՝ լուսանկարներով։ Ալբոմում մեր նախահոր՝ տեր-Ղազարոսի 14 ծոռները ներկայացված են առանձին-առանձին, որպես գերդաստանների ավագներ և ըստ այդ ճյուղերի ընտանիքների քանակի, ամեն ընտանիք ներկայացված է լուսանկարներով։ Այդ լուսանկարների տակ գրված է յուրաքանչյուրի ծննդյան թվականը, և մահվան թիվը՝ եթե անցավոր է, ինչպես նաև որոշ մարդկանց համառոտ կենսագրությունը։ Այս ալբոմի չափսերն են 60․40 սմ․։

Մեր տոհմի տարեգրությունը և տոհմածառերի ստեղծումը ինձ ստիպեցին, որ ձեռք բերեմ լրացուցիչ, ճշգրիտ տեղեկություններ։ Այդ նպատակով մի ամբողջ ձմեռ եղա Երևանի ազգային արխիվում, որտեղ պահվող Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու տարեկան հաշվետվություններից դուրս գրեցի բոլոր գանձացիների, նախնիների ծննդյան, մահվան և պսակների գրառումները։ Այս հարուստ նյութը ինձ օգնեց կազմելու  ո՛չ միայն մեր գերդաստանի, այլև՝ գյուղի մյուս տոհմերի  ճշգրտված տոհմածառերը։ Այսօրվա դրությամբ ամբողջական տեսքի եմ բերել Գանձայի տոհմերի մոտ 25 տոհմածառ։ Սա շատ ժամանակ ու լարված աշխատանք է պահանջում։ Սակայն ես հույս ունեմ, որ կկարողանամ ավարտել Գանձայի 60-ից ավելի գերդաստանների տոհմածառերը։

Մեր տոհմի շատ անդամների հետ կապված ունեմ տարբեր բնույթի հիշողություններ,  մանրապատումներ, հետաքրքրաշարժ դեպքեր, ինչպես նաև անեկդոտներ, որնց ամբողջությունը կունենա գրքի ծավալ։ Սկսած 1980թ․-ից լրջորեն զբաղվում եմ Գանձայի պատմությամբ և ազգագրությամբ։