Իմ հայրենիքի սահմանները. Շահանե Գրիգորյան

Դպրոցական, ք․ Երևան

Ապրիլի 4, 2025 թվական…Ձեռքս եմ առնում թուղթն ու գրիչը. զգում եմ` մտքերս հավաքվել են ուղեղիս խառնարանում ու կազմ-պատրաստ սպասում են ժայթքման. 9-ամյա հուշերն էին համակել ինձ։ 2016 թվական, դարձյալ ապրիլի 4…4 օր, բայց 4 հավերժությունն անգամ անունակ է ջնջելու 96 ժամյա այդ ողբերգությունը։ Ահա այդ հուշերն են, որ ներխուժել են իմ միտք ու գերհորդում են առանց մեկմեկու հերթ տալու։ Նստած եմ հանգիստ, փակում եմ աչքերս. աչքերիս առջև օրերի փոշին է մշուշվում՝ վարագուրելով անորոշության մշուշով պատված ներկան մի երևակայական, անրջային միրաժով։ Իմ առաջ կերպավորվում է հայրենիքս, բայց դա այն փոքրամարմին աղջնակը չէ, այլ մի հասուն ու հաղթանդամ կին…

Վեր եմ կենում. կանգնում եմ հորիզոնի եզրին, և աչքերիս առջև ուրվագծվում են իմ հայրենիքի սահմանները. հյուսիսում Ջավախքն է` մեծն Տերյանի օրրանը , արևմուտքում Հայաստանն է առանց《արևմտյան》որոշչի. Շիրազի Անին, Չարենցի Կարսը, Մահարու Վանը և մեր մյուս պատմական քաղաքներն ազատագրված են թշնամու ճիրաններից, իսկ Վան ու Սևան քույրերը ` միմյանց վերագտած։

Հարավ-արևելքում Արցախն է` Ստեփանակերտով, Շուշիով, Մարտունիով, Քարվաճառով, Դադիվանքով ու Ղազանչեցոցով, Արցախը, որի լեռներում անօդաչուների փոխարեն  հարսանեկան ծնծղայի զիլ հարվածն է զարկում, Արցախը, որի դաշտերը հողապատ են, ոչ թե մոխրապատ, ուր հողին քրտինք է խառնվում, ոչ թե արյուն, ուր  հրազենային ծխի փոխարեն ժենգյալով հացի արբեցնող բույրն է տարածվում, և վերջապես Արցախ, որ այլևս որբացած թոռ չէ ու վերագտել է իր տատին ու պապին։ Իսկ հարավային սահմանագիծը եզերում է Նախիջևանը։

Սա հայրենիքիս` իմ երազած սահմաններն են,  որոնց մասին պետք չէ երազել. դրանց պետք է սպասել ու սպասել վճռականորեն, մինչև ատամների ծայրը զինված, որովհետև ժամանակը ամենաանկանխատեսելի մարգարեն է. 387 թվականի երկու կես եղած Հայաստանը չգիտեր, որ կգա 1918, 1991:  451 թվականը չգիտեր ,  որ մի օր մեր հավատքին տված ուխտը  1724 տարեկան կդառնա, որ ապրիլի 24-ին ի վերջո մայիսի 9 է հաջորդելու։

Բարձրյալը մեր ժովովրդին փյունիկից է կերտել։ Ես հավատում եմ այդ փյունիկի սլացքին. նա կճախրի ու կվերաշինի իր հայրենիքի բոլոր սահմանները։