Ուխտագնացություն ֆիդայի Մախլուտոյի և Խենթի շիրիմներին

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն՝ նպատակ ունենալով ոգեկոչել ազգային հերոսներին և վերաիմաստավորել հայրենիքի ու քրիստոնեական հավատքի արժեքները:

Ուխտագնացության առաջին կանգառը եղավ սուրբ Գայանե եկեղեցին, որը յուրահատուկ է իր հոգևոր և ազգային ծառայությամբ, քանզի այս սրբավայրում են բախվում հավատի լույսն ու ազգի ինքնությունը։ Տաճարի բակում ուխտավորները խոնարհությամբ ծաղիկներ մատուցեցին մեր անմահ հերոսների՝ Խենթի, Դանիել բեկ Փիրումյանի, Մախլուտոյի և այլ նվիրյալների շիրիմներին։ Նրանցից յուրաքանչյուրը իր կյանքն ու անձը նվիրաբերել է հայրենիքի ազատագրման սրբազան գործին՝ դառնալով պայքարի ու հավատքի կենդանի պատգամ սերունդների համար։

Այնուհետև ուխտագնացությունը շարունակվեց դեպի Էջմիածնի Մայր Տաճար՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն։ Այստեղ ուխտավորները լսեցին սրտաբուխ հոգևոր զրույց Մայր Տաճարի պատմական առաքելության և մեր հոգևոր ինքնության ձևավորման առանցքային դրվագների մասին։

Այս ուխտագնացությունը դարձավ ոչ միայն ուղևորություն դեպի սրբավայրեր, այլև՝ վերադարձ դեպի մեր արմատները, մեր հավատքի ու ազգային պատկանելության ակունքը։