
Ուսանող, Արմավիրի մարզ գյուղ Քարակերտ
Ամեն գարուն Տարոնն իր այգում մի կաղնու ծառ էր տնկում հոր պատվին։ Հայրը Վարդան Հարությունյանը, վաղուց արդեն չէր շնչում, բայց նրան դեռ կարելի էր զգալ լռության մեջ, հեռախոսի մեջ պահված վերջին ձայնագրության մեջ, որը Տարոնը լսում էր միայն ամենամութ գիշերներին… Վարդանն այն թողել էր վերջին գիշերն արկի պայթյունի ձայնի տակ, երբ ծածկել էր զինվորական փոսը Մատաղիս փոստ 2020 թվականի հոկտեմբերին։ Տարոնը չէր խոսում դրա մասին։ Տարիներ շարունակ ոչ ոքի չէր պատմել վերջին զանգը հոր ձայնով թաց, դողացող, բայց անսահման ուժեղ։ Ձայնը տագնապի ու խաղաղության խառնուրդ ուներ.- Տարո’ն, երբ հետ գաս… երբ գաս… մի մոռացիր հողը քեզ չի սպասում։ Դու ես սպասում հողին։ Եվ եթե չվերադառնաս ինքդ քեզ կմոռանաս։ Հայրն այդ օրը չվերադարձավ, բայց վերջին խոսքերը մնաց Տարոնի ներսում ինչպես արմատ որը երբեք չի չորանում։ Այդ խոսքերը դարձան ներքին ճնշում կամարացած մեջքին ու սեղմված կզակին։ Ոչ ոք չէր տեսնում դա։ Դրսից Տարոնը կարգապահ, խելացի ու համեստ ճարտարապետ էր աշխատող բարձրաշենքերի նախագծման վրա։ Բայց ներսում նա ապրում էր փլված պատերի տակ Արցախում կորցրած ինքնության մի կտորի հետ։ Արցախը նրա համար քարտեզ չէր։ Դա մի վիհ էր, որի մեջ նա ժամանակ առ ժամանակ նետվում էր հիշողություններով ու վերադառնում էր միայն շնչահեղձ։
Նրա վերջին այցը Եռաբլուր վճռորոշ դարձավ։ Նա խոնարհվեց հոր գերեզմանի առաջ, հետո նստեց մարած խոտին ու գլխով հպվեց սառը քարին։
– Դու ինձ թողեցիր մի բան, որը ես չեմ կարող բաց թողնել, բայց նաև չեմ կարող ամբողջությամբ տանել ինձ հետ, -շշնջաց նա,-ինձ կիսատ ես տվել, պապ։ Ու հիմա ես ոչ ամբողջությամբ ապրում եմ, ոչ ամբողջությամբ մարում։
Այդ գիշեր նա որոշեց գրել ոչ թե որպես հիշատակ, այլ որպես շնչառություն վերադառնալու փորձ։ Առաջին բառերը դողացին մատների տակ.
«Իմ հայրենիքի մի հատվածը դեռ ապրում է հորս արյան մեջ»։
Նա սկսեց փորել անցյալը։ Հիշեց վերջին նամակները, վկայությունները, լսեց վիրավոր զինվորների պատմությունները։ Նա փնտրեց Նարեին այն աղջկան, ում հայրը փրկել էր։ Եվ երբ նրանք հանդիպեցին ամեն ինչ փոխվեց։ Նարեի աչքերը դեռ կրում էին Մատաղիսի փոշին, բայց նրա ձայնը հանգիստ էր ու պարզ.- Քո հայրը փրկեց ինձ, բայց նաև մի բան թողեց իր հետևից։ Նա ասաց.- Կվերադառնաս եթե գեթ մի հնարավորություն ունենաս։Անցան ամիսներ…Նարեն և Տարոնը միասին ստեղծեցին «Հիշողության քարտեզ» նախագիծը։ Գյուղ առ գյուղ վերադառնում էին Արցախի քարտեզին պատմություններով։ Յուրաքանչյուր պատմություն վերջանում էր նույն նախադասությամբ.
«Բայց դա չի խլել իմ հիշողությունը»։
Հետո սկսեցին տպագրել «Անանունների անունները» գրքերը։ Հետո կայք, ֆիլմեր, հաղորդումներ։ Արցախի անունը կրկին դարձավ կենդանի։ Եվ մի օր, տարելիցից երեք տարի անց, Տարոնը քայլեց դեպի Մատաղիս։ Ոչ թե որպես ճարտարապետ, այլ որպես վերադարձող որդի։ Նա կանգնեց այն նույն փոսի առաջ, որտեղ հայրը փրկել էր իր ընկերներին։ Աչքերը փակեց ու շշնջաց.- Մենք վերադարձանք, պապ։ Մենք չթողեցինք, որ մոռացվի։ Ու հանկարծ մառախուղի միջից, լեռան զարկերից մեկը արձագանքեց ոչ որպես քամու ձայն, այլ որպես հիշողության թրթիռ։
Երբ հիշում ես, ապրում ես, երբ խոսում ես, վերադառնում ես…
Այդ գիշեր Տարոնը հոր լուսանկարը դրեց կաղնու ծառի տակ` վերադարձից հետո Արցախում տնկված առաջին կաղնու ծառի։
Հողը նրանն է, ով վերադառնում է հիշողությամբ ու մնում հավատով։