Պատմաբան, Գյումրի
Պատմական Մալաթիայից սերող Թևեքելյանների պատմությունը նման է Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գերդաստաններից յուրաքանչյուրի ոդիսականին՝ զոհեր, խեղված ճակատագրեր, կորստյան ցավ… ու հույսի վերջին նշույլը մարելուց հետո միմյանց գտնելու ուրախություն, ապրելու և վերստին շիվեր արձակելու կամք:
Ներկայանամ՝ Անժել Թևեքելյան, ծնվել եմ 1985 թվականին Լենինականում, ապրում եմ Երևանում: Արմատներս հասնում են պատմական Մալաթիա:
Մանկությունս անցել է հորս՝ իր նախնիների երկրի մասին հյուսած պատմություններով: Նրան էլ ի՛ր հայրն է պատմել՝ իմ Մանվել պապը:
Ավա՜ղ, ես նրան չհասցրի վայելել. վեց ամսական էի, երբ հեռացավ կյանքից:
Ինքը գնաց՝ մեզ թողնելով մի պատմություն իր ծննդավայրի ու գերդաստանի մասին:
Հեռվո՜ւմ, շատ հեռվում հայրենիք թողած Մանվել պապս, ասում են, մինչև կյանքի վերջին օրերը այրվեց կորուսյալ հայրենիքի կարոտներով՝ իր տեսածն ու ապրածը վերհիշելով-պատմելով այնպես, ասես կտավի վրա պատկերում էր իր երկրի լեռներն ու աղբյուրները, այգիներն ու եկեղեցիները, իր ծննդավայրի մարդկանց…
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ բարձրացող մի հայն էլ ես եմ: Գնում եմ մենակ, լուռ՝ իմ ողջ գերդաստանի հիշողությունները հոգումս ամբարած, ինքս ինձ հետ խոսելով: Նայում եմ մարդկանց. տեսնես քանի՞սն են հեռվում հայրենիք-ծննդավայր թողել… Դեպի անմար կրակը ձգվող մարդկանց այս ծովում ի՜նչ կարոտներ են մորմոքում… Սասունի կարոտը, Մուշի, Կարսի, Վանի, Խարբերդի… Ու հետո ինձ հարց եմ տալիս՝ իսկ նրանք, ում նախնիները այս հողում են ծնվել՝ Արաքսի ա՛յս ափին, ի՞նչ է, կարոտներ չունե՞ն, կորցրած Հայրենիք չունե՞ն… Արցախը, որ իմ ծննդավայրը չէ, իմ Հայրենիքը չէ՞… Կորցրածը բոլորի՛նս է…
Պատահական չէր, որ պատմաբան դարձա. շատ հարցերի պատասխաններ չէի գտնում: Հետագայում էլ գտա ու չգտա…
Իմ տոհմածառի արմատները ձգվում են մինչև 18-րդ դար: Մեզ այդպես է հասել: Ասում են՝ մեր նախապապ Հարությունը (ազգանունը հայտնի չէ) ծնվել է 1770-ականներին Թավաքալ անունով մի որդի է ունեցել՝ ծնված 1810 թվականին: Այս Թավաքալից էլ սկսվում է մեր ազգանվան պատմությունը: Թավաքալը հինգ երեխա է ունեցել. առաջին ամուսնությունից՝ Հարություն, Աննա և Շնորհիկ, երկրորդ ամուսնությունից՝ Սարգիս և Համբարձում: Թավաքալի առաջին ամուսնությունից ծնված զավակների կյանքից մեզ շատ քիչ բան է հայտնի: Ափսո՜ս…
Թևեքելյան եղբայրները Մալաթիայի պատվարժան գերդաստաններից էին, այն փողոցը, որտեղ ապրում էին, ուներ երկու անուն՝ Չորբաջի-Բաբուքլու կամ Թևեքելյաններ՝ ի պատիվ Համբարձումի, ով ո՛չ միայն հաջողակ առևտրական էր, այլև տեղական իշխանության անդամ: Սարգիս և Համբարձում եղբայրների մասին էլ գուցե շատ բան չիմանայի, եթե ճակատագրի բարեհաճությամբ ինձ չհասներ Համբարձումի թոռան՝ Հայկազուն Թևեքելյանի հուշատետրը: Պապիկս՝ Մանվելը, երկու անգամ է խոսել ցեղասպանության մասին, ինչպես պատմում էր հայրս, երբ խոսում էր ցեղասպանության մասին հուզվում էր և խորասուզվում իր մտքերի մեջ ձայնը դողացնելով: Եղբայրներն ապրում էին նույն հարկի տակ իրենց ընտանիքներով՝ հաշտ և համերաշխ:
Եղբայրներից ավագը Սարգիսն էր՝ Սարգիս աղան Մանվել պապիս հայրը, ինչպես հարգանքով դիմում էին նրան: Ծանր ճակատագիր էր ունեցել այս մարդը. երեխաները փոքր հասակում մահացել էին, 1892-ին կյանքից հեռացել էր նաև կինը: Երկու տարի անց նորից էր ամուսնացել: Երկրորդ կինն էլ երկար չէր ապրել. հեռացել էր աշխարհից՝ որբ թողնելով իր փոքրիկ Հեղինեին:
Այն փաստը, որ Սարգիս աղան անժառանգ էր՝ արու զավակ չուներ, շատ մեծ ցավ էր պատճառում եղբայր Համբարձումին. ինքը չորս որդի և երկու դուստր ուներ՝ Գևորգ, Թադևոս, Թավաքալ, Հակոբ, Վարդուհի Հռիփսիմե, իսկ Սարգիսը՝ իր այնքա՜ն սիրելի եղբայրը… Համբարձումն ուխտ է անում՝ եթե Աստված իր եղբորը արու զավակ պարգևի, երեխայի մազերը չեն կտրի մինչ յոթ տարեկան դառնալը: Ոտքով կգնան Մալաթիայի սբ. Մարիամ Աստվածածնի վանք, հետո միայն կկտրեն տղայի մազերը: Աստված լսելով Համբարձումի մեծ ցանկությունը՝ Սարգիս աղայի երրորդ կինը՝ Սրբուհին, 1906 թվականին նրան որդի է պարգևում՝ նաև մայր դառնալով չորսամյա որբուկ Հեղինեի համար: Համբարձումը եղբորը, նրա կնոջ ու երեխաների հետ, Մարիամ Աստվածածնի վանքի փոխարեն Սուրբ Հակոբյանց վանք է ուղարկում, որը Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին էր: Այնտեղ փոքրիկ տղային՝ Մանուելին, հրաշալի նվերներ տալիս:
Հետագայում Սարգիս աղային ու նրա որդուն «հաջի» էին ասում, քանի որ Երուսաղեմ ուխտի էին գնացել:
Հաջի Մանուելը հենց իմ Մանվել պապն է:
1913 թվականն էր: Խառնակ ժամանակներ էին: Շատերի պես Համբարձումն էլ որոշեց իր զավակներից գոնե մեկին ուղարկել օտար երկիր՝ աշխատելու: Հարմար են գտնում, որ 28-ամյա Թադևոսն է գնալու Ամերիկա և մեկնում է: Ողջ ընտանիքը նրա հետ էր կապում Ամերիկա տեղափոխվելու հույսը:
1914-ի փետրվարին վարակիչ ծանր հիվանդությունից վախճանվում է հիսունվեցամյա Համբարձումը, կարճ ժամանակ անց թոքախտից մահանում է նաև նրա դուստրը՝ տասնութամյա Վարդուհին :
Մալաթիացի հայերը կարծում էին, թե պատերազմ է, էլի, երկար չի տևի, և իրենց հարազատներն ու սիրելիները ուր որ է տուն կվերադառնան: Թերևս դա էր պատճառը, որ հայերից ոմանք նույնիսկ հոժարակամ գնում էին զինվորագրվելու՝ նախքան իրենց անունները կկարդային զինակոչիկների ցուցակում: Այ այսքա՛ն նվիրված ու հավատարիմ քաղաքացիներ էին հայերը Օսմանյան կայսրությունում:
Բանակ էին զորակոչվում 23-45 տարեկան տղամարդիկ: Չկար մի հայ ընտանիք, որի գլխին կախված չլիներ այդ սպառնալիքը: Թևեքելյան ընտանիքում զորակոչային տարիքի էին Գևորգը, Թավաքալը: Ինչպես մյուս ունևոր ընտանիքները, այնպես էլ Թևեքելյանները որոշեցին իշխանություններին «բեդել» վճարել. թուրքերեն բառ է, նշանակում է «համարժեք»: Դրա դիմաց Գևորգի և Թավաքալի անունները ցուցակից պետք է հանվեր: Կհանեի՞ն արդյոք՝ վստահ չէինք: Օր օրի կառավարության պահանջներն ավելի ու ավելի էին խստանում: Հայերը տեղյակ չէին, որ երկրում խտրական քաղաքականություն են վարում մուսուլման և ոչ մուսուլման բնակչության հանդեպ: Հայերին անխտիր ուղարկում էին առաջնագիծ: Նույնիսկ մեկ հայ չթողեցին ոստիկանությունում. նրանց պաշտոնները փոխանցվեցին թուրք ավազակներին ու մարդասպաններին: Հետո թուրքական իշխանությունները ձերբակալեցին քաղաքի անվանի հայերին՝ մեղադրելով նրանց դավաճանության, այս կամ այն քաղաքական կուսակցությանը հարելու, գաղտնի զենք-զինամթերք պահելու մեջ: Շուտով ձերբակալված մալաթիացիների թիվը հասավ վաթսունի: Նրանց դաժանաբար տանջում էին՝ ստիպելով խոստովանել, որ պատրաստվում են ապստամբության իրենց դեմ: Սահմռկեցուցիչ լուրերն արագ տարածվում էին քաղաքում: Տղամարդիկ ելքեր էին փնտրում իրենց հարազատներին բանտից փրկելու համար: Ձերբակալվում է Գևորգը, Սարգիսը, հետո երևելի մալաթիացիներին տանում են Ինդեր կոչվող բնակավայր և կացնահարում, որնց մեջ էին վերջիններս:
Թևեքելյան ընտանիքի բոլոր կանայք իրենց երեխաների հետ բռնում են գաղթի ուղին: Ալմալօղլու կոչվող վայրում իննամյա Մանվելը կորցնում է հարազատներին: Նրան մի թուրք պաշտոնյա իր տուն է տանում և որոշ ժամանակ պահում նկուղում, քանի որ գյավուր թաքցնելու համար խստագույն պատիժ էր սահմանված: Թուրք պաշտոնյայի կարգադրությամբ Մանվելին կերակրում են, հագուստ տալիս և դրա դիմաց մանր տնային գործեր հանձնարարում: Փետրվարյան մի ցուրտ առավոտ թուրքերի տներում խուզարկություններ են սկսվում: Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցնում է հորի մեջ, ծածկում ծղոտով ու լաթերով: Ոստիկանները, կասկածելի ոչինչ չգտնելով, հեռանում են: Տասներկու ժամ հորում մնացած Մանվելին դուրս են բերում գրեթե կիսամեռ: Թուրքը, օղիով շփելով երեխայի ցրտահարված մարմինը, փրկում է նրան: Որոշ ժամանակ անց նա Մանվելին հանձնում է ամերիկյան մի որբանոց: Բաժանումը հուզիչ է լինում. էֆենդին ամուր գրկում է Մանվելին, շոյում գլուխը, համբուրում այտերը և ականջին շշնջում. «Ես հայ եմ, որդի՛ս, ոչ ոք չգիտի այդ մասին, չմոռանաս ինձ, հիշի՛ր քո աղոթքներում…»
Հռիփսիմեին և Հեղինեին տանում են իրենց հարևան թուրքերը, իսկ Հակոբին իր մոտ է վերցնում մի քուրդ կին: Սրբուհին, Եղիսաբեթը, Վարդուհին և երեխաները մահանում են անապատի տարբեր հատվածներում՝ սովից ու հիվանդություններից:
Մանվելը որբանոցի երեխաների հետ տեղափոխվում է Սիրիա, ապա 1922 թ.՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք, որտեղ գտնում է քրոջը՝ Հեղինեին:
1916 թ. ամռանը տասնվեցամյա Հակոբին հաջողվում է փախչել քրդական միջավայրից: Մալաթիայում նա գտնում է քրոջը՝ Հռիփսիմեին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև Գևորգի որդի Հայկազին: Շուտով հայտնի է դառնում, որ ԱՄՆ-ից Թադևոսը վերադարձել և միացել է Սեբաստացի Մուրադի ջոկատին, սակայն նրան տեսնել այդպես էլ չի հաջողվում. 1916 թ. աշնանը Թադևոսը զոհվում է: 1920թ. Հայկազ, Հակոբ և Հռիփսիմե Թևեքելյանները տեղափոխվում են Սիրիա, ապա՝ ԱՄՆ:
1946 թ. սկիզբ դրվեց ցեղասպանությունից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի հայրենադարձությանը: Առաջին քարավանը նավով Եգիպտոսից հասնում է Բաթում, որի մեջ էր նաև Մանվել Թևեքելյանը՝ քրոջ Հեղինեի և նրա ընտանիքի հետ: Քիչ ուշ նրանք հաստատվում են Լենինականում (ներկայումս՝ Գյումրի):
Խորհրդային Հայաստանում լույս տեսնող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում 1960 թ. տպագրված մի հայտարարության մեջ, որի հեղինակը բոստոնաբնակ Հայկազ Թևեքելյանն էր, տեղեկացնում էր, որ Եղեռնից հրաշքով փրկվել և ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում են հաստատվել Թևեքելյան գերդաստանից Հռիփսիմեն, Հակոբը և Հայկազը: Հայոց ցեղասպանությունը վերապրած Թևեքելյան ընտանիքի անդամները միմյանց հանդիպում են Երևանում՝ 1962 և 1967 թվականներին:
Պապիկս՝ Մանվելը, մահանում է 1986 թ. փետրվարի 10-ին, Գյումրիում: Ահա և Թևեքելյանների գերդաստանի պատմությունը՝ սեղմ տարբերակով: Թևեքելյանների գերդաստանի և Մալաթիայի քաղաքի մարդկանց մասին, մինչ ցեղասպանությունը և ցեղասպանության ընթացքը գրի եմ առել «Իմ հոգու երկիր» գրքում, այն լույս է տեսել 2021 թ., երեք լեզուներով է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
