Ծաղկունք. 1604թ․-ի բռնագաղթը

Ծաղկունքը հայկական հնագույն բնակավայրերից է և պատմական Վարաժնունիք գավառի վարչական կենտրոնը: Գյուղն ունի հարուստ պատմություն՝ 3.5 հազար տարվա հնության զարդերից մինչև միջնադարյան եկեղեցիներ, խաչքարեր և Սուրբ Հովհաննես ու Ծաղկեվանք մատուռները:

Սակայն 1604 թվականին այս ծաղկուն բնակավայրը դարձավ Պարսից Շահ Աբբաս Առաջինի արշավանքի թիրախը։  Ծաղկունքի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը, իսկ Շահի հրամանով ավերվեց գյուղի նշանավոր Ծաղկեվանք մատուռը: Տեղահանված հայերի փոխարեն այստեղ ժամանակավորապես հաստատվեցին քոչվոր ցեղեր։

Ծաղկունքը նոր կյանք ստացավ միայն 1828 թվականին՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, երբ տարածաշրջանն անցավ Ռուսական կայսրությանը: Իրանի Մակու և Խոյ քաղաքներից, ինչպես նաև Վանից գաղթած հայ ընտանիքները վերաբնակվեցին այստեղ՝ դնելով ներկայիս գյուղի հիմնադրման հիմքերը և փրկելով ու պահպանելով դարավոր սրբավայրերը:

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.

 

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։