Իմ գերդաստանի պատմությունը. Արայիկ Սուրենի Ենոքյան

Իմ մեծ գերդաստանի արմատները տանում են դեպի պատմական հայրենիք։ Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի տարածքում գտնվող Ալաշկերտ քաղաքի Բերդ (Թոփրակկալե) թաղամասի գողտրիկ տներից մեկում էր բնակվում մեր մեծ տոհմի հայրը՝ Հարությունը (Հայրո) իր հինգ զավակների՝ Սարգսի, Ստեփանի (Տեպիկ), Բաղդասարի (Բադե), Սահակի և Մելքոնի հետ։ Արդար ու վաստակած հացով էր ապրում այդ մեծ ընտանիքը, սակայն ճակատագիրն այլ բան էր կանխորոշել։ Հայ ժողովրդի համար նորից դաժան տարիներ էին․ պատերազմ, վայրագություններ, կրոնական սպառնալիքներ…

The current image has no alternative text. The file name is: 1000030565.jpg

Թողնելով հայրական  օջախը` 1828-1830-ական թթ. շատերի հետ Հայրոյի զավակներն էլ իրենց ընտանիքներով գաղթում են Արևելյան Հայաստան, որը ռուս-թուրքական պատերազմից հետո նոր էր միացել ցարական Ռուսաստանին։ Տղաներից Բաղդասարը տեղափոխվում է Թիֆլիս, ու, ցավոք, հարազատները նրանից հետագայում լուր չեն ստանում։ Մյուս չորս տղաները հաստատվում են գեղատեսիլ ու ջրառատ Եղեգնագյուղ (Գյոլքենդ) -Լիճք գյուղում, որը որոշ նմանություններ ուներ իրենց բնակավայրին։ Հաղթահարելով բազմաթիվ փորձություններն ու կյանքի նոր դժվարություններին դիմակայելով, կորսված հայրենիքի կարոտը սրտում` նրանք այստեղ էլ շարունակում են իրենց գերդաստանի ավանդույթները, սովորույթները, ժառանգած արհեստները։ 

Պապս մի այսպիսի դեպք էր պատմում. Լիճք գյուղից վերև` Ծովասար գյուղի հարևանությամբ թուրքեր են բնակվել` Ահմադ խանի գլխավորությամբ և հաճախ են ոտնձգություններ կատարել դաշտում աշխատող գյուղացիների նկատմամբ, գողացել են նրանց ունեցվածքը։ Ծովասարի, Վերին Գետաշենի և Լիճքի բնակիչները միավորվելով ջարդել ու վտարել են Ահմադ աղայի հրոսակախումբը։ Այդ պայքարում գործուն մասնակցություն են ունեցել նաեւ մեր պապերը։

Մենք Սարգսի տոհմի ժառանգներն ենք։ Սարգիսը բարի ու ազնիվ մարդ էր, նրան սիրում ու հարգում էին բոլորը։ Իր պապերից ժառանգած արհեստի` ջուլհակության շնորհիվ նա մեծ ժողովրդականություն էր վայելում նաև հարակից գյուղերում։ Շատերի համար Սարգսի տունը դարձել էր հավաքատեղի, «ջուլհակի տուն», և այստեղից էլ  մեր գերդաստանը գյուղում հայտնի է  որպես ջուլիկներ (ջուլկի ազգ (sad)  Սարգիսն ունեցել է չորս որդի ` Հակոբ, Հովհաննես (Հովե), Խլղաթ, Գալո։ 

Տղաներից Հովհաննեսը, մինչև Արևելյան Հայաստան գաղթելը, սարկավագ է եղել Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Վանքի քարերից որոշ մասունքներ այժմ իմ տանն են, որոնք ինքս եմ բերել` որպես մեր պատմական հայրենիքի անգին հուշեր ու վկայություններ։ Տարիներ անց նոր վերահիմնավորված հայրական օջախում Հովհաննեսը կնոջ` Սալբիի հետ ունենում է Գրիգորին, Դավթին և Վարդանին։ Իմ պապի պապն էր Գրիգորը։ Նա ունեցել է երեք որդի` Եփրեմ, Ենոք, Եգոր և երկու դուստր ` Եվա, Եղիսաբեթ (Եղսաբ)։ Մեր գերդաստանի նահապետը,  ում անունից էլ ծագում է մեր ազգանունը, Ենոքն է, մենք` Ենոքյանները։

Ենոքն ամուսնանում է գեղեցիկ Անուշի հետ, և համատեղ կյանքի ընթացքում նրանք ունենում են երկու որդի` Արիստակես (Հարիս), Լևոն և երկու դուստր` Սոփո  և Բալասան։ Ենոքը մեր գյուղի առաջին մեղվաբույծներից մեկն էր։ Պապիս վկայությամբ` անուշաբույր  մեղրը նա նաև վաճառել է գյուղից դուրս, զբաղվել առևտրով, ունևոր վաճառական է եղել, շատ է օգնել համագյուղացիներին։ Այդ ամենով հանդերձ, նա բնատուր երգեցիկ ձայն է ունեցել և հաճախ է երգել պատարագների ժամանակ, իսկ գյուղի հարսանիքներում նրան են վստահել պարբաշու պատվավոր դերը։

Պապս հիշում էր, որ մայրը շատ հյուրասեր, հոգատար ու ավանդապաշտ կին էր, համեղ լավաշ էր թխում, օջախի շուրջն էր համախմբում ընտանիքին ու հարազատներին։ Ենոքը երկու տուն է կառուցում որդիների համար։ Ենոքյանների ճյուղը գնալով  մեծանում է ու իր արմատներով էլ ավելի մխրճվում հայրենի հողի մեջ։

Ենոքի եղբորորդին` Խաչատուրը (Ջուլկի Խաչատուր- Եփրեմ Գրիգորյանը) գյուղի առաջին ուսուցիչն էր։ Նա մեծ խնամքով ու զգուշությամբ պահպանել է Արևմտյան Հայաստանից իր պապերի բերած սուրբ գիրքը` Նարեկը, որի զորությունը հայտնի էր ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից բնակավայրերում։ Հայրս պատմում էր, որ բոլշևիզմի տարիներին Խաչատուրը ձիթայուղով մշակել, գետնահորի մեջ պահել ու փրկել է մի քանի արժեքավոր մատյաններ։ Ասում են նաև, որ նրա մոտ եղել է  Մշո Սուրբ Կարապետ վանքի փոքր զանգերից մեկը։ Նրա որդիները՝ Առաքելը և Մուշեղը, զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, իսկ դստեր՝ Սոֆիկի երկու որդիներն այժմ հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվներ են. Տեր Շահենը` Սուրբ Սարգիս եկեղեցում և Տեր Բաբկենը՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։

Արիստակեսին` պապիս, կյանքի դժվար ժամանակներ են բաժին հասել. հայի ու Հայաստանի համար դաժան տարիներ էին 1910-20-ական թվականները։ 1914 թ. սկսվում է Առաջին աշխարհամարտը։ Շատերի հետ բանակ է զորակոչվում նաև երիտասարդ պապս`մեր սիրելի տատի` Գյուլիզարի խնամքին թողնելով մանկահասակ երեխաներին` Համասփյուռին (Համաս) և Հայկարամին։ Արցունքն աչքերին, կարոտը սրտում` վեց տարի շարունակ նա սպասում է ամուսնուն։ Աշնանային մի գեղեցիկ օր գալիս է Արիստակեսը` նոր կենդանություն ու շունչ բերելով իր հայրական օջախին։ Տեսնելով պատերազմի դաժանությունները, հայ ժողովրդի մարդկային անհամար կորուստները` նա գիտակցում էր, որ հայը պիտի վերընձյուղվի, պիտի  իր երկրի ու հայրենիքի իրական տերը դառնա։ Գյուլիզար տատս ամուսնուն է պարգևում 4 երեխա ` Մարգարիտ, Աղվան, Բաբկեն, Սուրեն։ 

Հորեղբայրս՝ Աղվան Ենոքյանը, ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, բնակություն է հաստատում Վանաձոր քաղաքում։ Մինչև 1993 թ.(շուրջ 40 տարի) նա եղել է  Վանաձորի դպրոցներից մեկի (նախկին Ժդանովի դպր.) տնօրեն։ 2023 թ. նրա անունով սահմանվել է մրցանակ կրթության ոլորտի նվիրյալ ուսուցիչների համար։

Ցավալի ճակատագիր է ունեցել Հայկարամ հորեղբայրս։ Իր քաղաքական հայացքների համար նրան բռնադատել և 10 տարով աքսորել են Կրասնոյարսկի երկրամաս, ապա Ուկրաինա։ Աքսորավայրի դաժանություններին ու անմարդկային պայմաններին դիմանալով` նա վերադարձել է և շարունակել իր ճյուղը` ունենալով որդի։

Բաբկեն (Կոլյա) հորեղբայրս չափազանց համով-հոտով, կատակասեր մարդ էր, հոգով`երիտասարդ, մշտապես շուրջն էր համախմբում իր մեծ գերդաստանի թոռներին ու ծոռներին։ Բոլորը սիրում էին լսել նրա հետաքրքիր պատմությունները, համտեսել պապի քաշած անմահական մեղրը, Սոֆիկ տատի թխած անուշաբույր լավաշն ու անարատ կարագը։ Երգն ու պարը անբաժան էին նրանց շեն օջախից։ 

Յուրօրինակ անհատականություն էր հայրս` Սուրենը` Արիստակեսի կրտսեր որդին, ով մեծացել էր ընտանեկան սիրո ու հոգատարության մեջ։ Նա բարի էր, կարեկցող, պատվախնդիր ու արդարամիտ և նույն ոգով էլ դաստիարակել է մեզ։ Գիտակցելով ու կարևորելով կրթության դերը` հայրս ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) մեքենաշինության ֆակուլտետը, եղել մեքենագիտության ուսուցիչ, Հայտրանսի շահագործման բաժնի պետ և այլ նշանակալի պաշտոններ է զբաղեցրել իր կյանքի ընթացքում։

Այդ տարիներին ռուսաց լեզուն հայկական դպրոցներում ուսուցանելու և ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար նորավարտ մասնագետներին հաճախ էին գործուղում ԽՍՀՄ հանրապետություններ։ Ավարտելով Մոսկվայի  մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական  ֆակուլտետը` Եվգենյա Շմելկովային գործուղում են Հայաստան։ Ճակատագիրը նրան բերում է Լիճք գյուղ։ Երիտասարդ ու գեղեցկադեմ հորս աչքից չի վրիպում խելացի, շիկահեր ու կապուտաչյա աղջնակը, նրանք ամուսնանում են։

Մինչև հիմա էլ մայրս հիշում է, թե իր համար որքան դժվար է եղել առանց հայերենի իմացության`հայ երեխային ուսուցանել ռուսաց լեզուն։ Իր գործին նվիրյալ ուսուցչուհին առաջինը սովորել է հայերենի այբուբենը, հայերեն բառերը ռուսերեն տառերով գրել, թարգմանել է, սովորել ու իր ունեցած գիտելիքներն անսպառ ու անմնացորդ փոխանցել իր հարյուրավոր աշակերտներին։ Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում մայրս աշխատել է շուրջ 45 տարի, մինչև 2004 թվականը: 

Սուրենն ու Եվգենյան ունենում են երկու որդի և մեկ դուստր՝ քույրս՝ Մարգարիտա Ենոքյանը, ես` Արայիկ Ենոքյանս և եղբայրս` Արմեն Ենոքյանը։ Հայրս ու մայրս մեզ տվել են հայ և ռուս ազգերին բնորոշ դաստիարակչական ու մարդ տեսակի ձևավորման լավագույն գծերը։ Դրանցից մեկն էլ պարտադիր բարձրագույն կրթություն ստանալն է եղել մեզ համար, ու նրանք ուսանող լինելու լավագույն տարիների դռներն են բացել մեր առջև։

Ենոքյաններիս շառավիղներն այսօր էլ հպարտությամբ են կրում իրենց պապերի ազգանունը, շարունակում են վերընձյուղվել ու հաստատուն ճյուղեր նետել դեպի ապագա։ Ես ունեմ երկու որդի, մեկ դուստր՝ Անի, Աշոտ, Սուրեն և վեց հրաշալի թոռ, իսկ եղբայրս` երկու դուստր (Մերի, Ժենյա), մեկ որդի` Սուրենը, և երեք թոռ։ 

Ինչպես ասել է Գարեգին Նժդեհը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։ Ես ուրախ եմ, որ իմ գերդաստանի մայրերը խոհեմությամբ ու մեծ նվիրումով են փոխանցում հային հայ պահելու, արարելու, ապրելու ու ապրեցնելու անգին պատգամները, որոնք մեզ են ավանդել մեր պապերը ։

Մեր մեծ գերդաստանի տղաները անմասն չեն մնացել նաև Արցախյան հերոսամարտից։ Հիշատակի է արժանի հատկապես գնդապետ Գագիկ Վարդանյանը, ով Արաբոյի ջոկատի հրամանատարներից էր, նրա աճյունն ամփոփված է Եռաբլուրում։

Արայիկ Սուրենի Ենոքյան, 61 տարեկան

Մասնագիտությունը` ինժեներ