Արարատի մարզ գյուղ Ղուկասավան

Իմ հայրը շինական էր: Նրա հայրն էլ էր շինական: Պապիս հայրն էլ էր շինական: Պապիս պապն էլ էր շինական:
Իմ հայրը Մանուկյան էր, նրա հայր էլ էր Մանուկյան: Պապիս հայր` Իսրայելը, էլի Մանուկյան էր: Նրա հայրը` Մանուկը Նազարյան: Բայց մեր տոհմանունը Մանուկի անունով Մանուկյան կոչվեց: ՈՒ մեր տոհմը երկու մասի բաժանվեց:
Իմ հայրը գաղթական էր: Նրա հայրը` Եղիշը, էլի գաղթական էր: Պապիս հայրն ու պապն իրենց երկրի` Նախիջևանի տերը: Իսկ ես Արարատյան դաշտի բնակիչ:
Իմ հայրը դպրոց գնացել էր: Իմ պապը միայն թվերը գիտեր ու տառերն էր ճանչում: Նրա հայրը Մամփրե արքա էր: Իսկ պապիս պապը գրաճանաչ չէր, բայց Սողոմոն Իմաստուն էր: Իսկ ես համալսարան ավարտեցի:
Իմ հայրը երազող էր: Նրա հայրն էլ էր երազող: Պապիս հայրն էլ էր երազող: Պապիս պապն էլ էր երազող: Ես էլ այդ երազողների երազանքները գրի առնողը դարձա:
Իմ հոր քիթը մեծ էր : Պապինս ավելի մեծ էր: Նրա հորը` իր երկրի սարերի նման ազատ էր ազատության օդը շնչելու համար: Պապիս պապինը հպարտ էր արծվի նման: Իմը վիրահատեցի` դարձնելով փոքր՝ ապրելուս վայրի նման:
Իմ հայրը գյուղական տեխնիկայով էր վար ու ցանք անում: Նրա հայրը բահ ու եղանով : Պապիս հայրը խոփ ու գութանով: Իսկ պապիս պապը հողի հետ կռիվ էր տվել ձեռքերով: Ես հող մշակել չսիրեցի… Ես քաղաքում տուն գնեցի:
Իմ հայրը հայ էր, որի անձնագրում գրված էր, որ ծննդավայրը Ադրբեջանի Հանրապետությունն է: Պապիս անձնագիրը կորել էր գաղթի ճանապարհին: Պապիս հոր անձնագիրն իր ազատ երկիրն էր: Պապիս պապինը քամու բերանն ընկած ազատությունն էր: Իմ անձնագրի մեջ էլ գրված էր, որ ծծնդավայրս Երևանն է: Դիմացս Արարատն էր: Աչքս տեսնում է, սիրտս մրմռում, ու կարոտը ծնված օրիցս դառնում է հարազատ բարեկամս: Թերևս ամենահարազատս: Դժվար է երեխային հավատալ, որ սարը, որը մանկությանդ օրերից միշտ քեզ հետ հավասար է վազել, քոնը չէ: ՈՒ իրականությունը ծոր տալով դառնում է կարոտ` արդեն մեծահասակի աչքերով:
Իմ հայրը հյուրասեր մարդ էր: Նրա հոր օջախը հավաքատեղի էր գաղթականների համար: Պապիս հոր օջախը քարից տուն էր, որը լցված էր շատ երեխաներով: Պապիս պապի օջախը հյուղակ էր: Մեջտեղում օջախ շինված, ու ծուխը, որ ելնում էր օջախից: Իսկ ինձ հյուր գալու համար հյուրերս պետք է զանգահարեն:
Իմ հոր աչքրը շագանակագույն էին: Պապինս` կապույտ: Նրա հորը` կապտականաչ: Պապիս պապինը`լուրթ: Իմը` սևին մոտ: ՈՒ կապույտը նորից դարձավ կարոտ ու ծոր տալով ինձ էլ փոխեց:
Իմ հայրը զինվոր էր: Նրա հայր էլ էր զինվոր Հայրենականի մասնակից: Պապիս հայր էլ էր զինվոր `եղեռն տեսած:Պապիս պապը էլ էր զինվոր: Ես էլ դարձա զինվոր: Քանզի հայ լինել նշանակում է զինվոր ծնվել ու զինվոր մեծանալ, զինվոր մնալ ու ապրել իբրև զինվոր:
Իմ հայրն ապրեց մեզ համար: Պապիս հայրը ապրեց իր որդիների համար: Նրա հայրն էլ իր զավակների համար: Նրա հայրն էլ իր տոհմի համար: Ես էլ նրանցից սովորեց ապրել իմ երեխաների համար: Փաստորեն մեզանից ոչ ոք չապրեց իր համար:
Իմ հայրը աստվածավախ չէր` չնայած անունը սուրբ քաղաքի անունն էր` Վաղարշակ-Վաղարշապատ: Հավատը անձնագրի հետ էր կորցրել, որում սխալ էր նշված ծննդյան օրը, ամիսն ու տարին: Նրա հայրը Աստծուն ուրացավ գաղթի ճանապարհին: Պապիս հայրը Աստծու անունը շուրթերին մեռավ: Պապիս պապն էր միայն աստվածավախ: Ես էլ փորձում եմ նմանվել պապս պապին: Չգիտեմ, այսօր հավատն էլ է կշռվում…
Իմ հայրը երկար չապրեց: Նրա հայրը ավելի երկար ապրեց: Պապիս հայրը ավելի երկար ապրեց: Պապիս պապն էր ամենաերկարակյացը: Ես չգիտեմ` ինչքան կապրեմ: Իմ և´ հոգին է հիվանդ, և´ մարմինը:
Իմ հայրը սիրում էր բնությունը: Ազատ դաշտում էր ծնվել: Իմ պապը ձուլվել էր բնությանը: Նրա հայրը` ինքը բնոթյունն էր: Պապիս պապը` նախամարդը մեր ցեղի: Ես ալերգիա ունեմ բնությունից, ծառ ու ծաղկունքից, արևից:
Իմ հայրը չորս զավակ ուներ: Պապս` վեցը: Պապիս հայրը հինգին կորցրեց կոտորածին: Պապիս պապը` յոթը: Ես էլ երեքը` պահպանելով Սուրբ Երրորությունը մեր` ոչ մեկին չկորնելու պատճառաբանությամբ:
Իմ հայրը հայերեն էր խոսում: Նրա հոր խինգը հինգ չդառավ, որքան էլ փորձեցինք ուղղել: Վայրիվերո բան ստացվեց: Պապիս հոր խինգը խառնված է թուրքերեն բառերին: Պապիս պապն էր միայն հայերեն խոսում` անաղարտ ու մաքուր, սիրուն ու զուլալ, քաղցր ու երգեցիկ: Իսկ իմ խոսքը համեմված է մի անորոշ ու չլսված հայերենով, օտարաբանությամբ, ցուցամոլությամբ… Մի տխուր ու աղքատիկ հայերեն է այսօր շուրթերիս ոսեղենիկի փոխարեն:
Իմ հայրը մեծ տուն էր երազել: Բայց զավակներից ոմանք արտերկրում հանգրվանեցին: Ինձ` որպես վերջին արմատ, այս հողում թողնելով: Պապիս հայրը թերևս միակ փրկված էր իր տոհմի: Պապիս պապը իր հողում փրկվելու մասին չի էլ մտածել:Ես էլ այսօր մտածում եմ զավակներիս փրկության մասին:
Թող ապրի հայի գենը իր հողում, հասկակալի, ընձյուղվի, պայթի հասկի նման, ճաքի հասած նռան պես: Հասած տանձի պես հյութակալի , բայց ոչ իբր խնձոր թափվի ծառերի տակ:
Իմ հայրը կամակոր էր: Պապիցս էր ժառանգել: Պապս էլ իր հորից, վերջինս էլ իր հորից: Ես էլ նրանց օրինական ժառանգը եղա: Հակառակների սերունդը այսօր էլ շարունակվում է: Սա արյան հետ է գալիս ու գնում, հանձնվում է միայն հողին:
Իմ հայրը լույս է սիրել, չնայած, որ ապրել է մութ ու լույս տարիներին: Իմ պապը աչքերի լույսը կորցրել էր ճանապարհներին: Լավ չէր տեսնում, բայց ամեն ինչ լսում էր կրկնակի լավ: Նրա հայրը երանի էր տալիս, որ Աստված շուտ մարի իր աչքերի լույսը: Որ չլսեր ու չտեսներ այն, ինչ տեսավ: Այն, որը բառերով պատմելն անկարելի էր: Այն, ինչ մարդը պատմել չի կարող: Այն, ինչ ամենասարսափելի ֆիլմում անգամ չես տեսնի: Նրա հայրն ուներ աչքի տեսողություն և ականջի լսողություն: Բնությունից ծնված մի կատարելություն, մի պարզ բնություն` մարդու կերպարանքով:
Ես այսօր սիրում եմ լույսը, բայց չեմ գնում նրա ետևից: Ես ժամանակ չունեմ ` չնայած, որ շատ եմ վատնում ժամանակս: Չգնալով դեպի լույսը` ես կազմափոխվում եմ: Փոխվում է և´ հոգիս, և´ մարմինս: Ես նմանվում եմ խավարասերի: Թող զավակներս գնան դեպի լույսը: Թող լցվեն լույսով, ոսկեջրվեն ու ապրեն լույսի մեջ, քանզի նրանից է փրկությունը:
Իմ հայրը կնամեծար էր: Կնոջը սիրում էր, մորը` պաշտում: Նրա հոր համար տատիս խոսքը օրենք էր: Պապուս հոր համար կնոջ ձայնը քամու ետևից ընկած արձագանք մնաց: Կորավ սարերում, հարվածվեց քարերին ու ծեծված, բզկտված երկինք ավանդվեց: Առավոտվա խոտերին նստած ցողը դարձավ: Պապուս պապը կնոջ հետ աչքունքով էր խոսում: Խոսել լռության մեջ, հասկանալ լռության մեջ, սիրել լռության մեջ, տառապել լռության մեջ, ծիծաղել լռության մեջ: Լռությունը ամեն ինչում էր. լռությունը կյանք էր ծնում: Ես բնապաշտ դառա` բնության մեջ մարդուն փնտրելով:
Իմ հայրը միայն իմ հայրն էր, իմ կատարելությունը, որից կարելի է սովորել: Ինձ համար Սուրբ Երրորդություն կազմող Աստծուց, Մորիցս հետո: Իր կոշտ ու հողոտ ձեռքերով, իր բարի ու ազնիվ հոգով, իր քչախոսությամբ, համեստությամբ, ուրիշներին նվիրվելու անձնազոհությամբ: Կատարելություն, որին միշտ կարելի է և պետք է ձգտել: Փաստորեն պարզվեց, որ կատարելությունների շղթան կծիկի նման բացվելով գնում է անցյալ` հասնելով մինչև կատարյալ բնությանն ու Աստծուն: Կծիկի ծայրը ձեռքիս է: Չգիտեմ, կլինեմ ես կատարելություն իմ երեխաների համար: Եթե մայր եմ, գուցե: Չէ որ մայրը մայր է, մայրը կին չէ:
Իմ հայրը ապրեց զարմացած, ամեն օր զարմանում էր: Պապիս զարմանքը այլ էր: Նրա հայրը զարմանում էր պապիս չզարմացածների վրա: Կծիկը բացվելով՝ գնում էր անցյալ: Անցյալը զարմանալիորեն պարզ էր, իսկ ներկան՝ անզարմանալիորեն բարդ: Ես էլ զարմանալիորեն բարդ եմ իմ զարմանալիորեն բարդ աշխարհի հետ, իմ զարմանալիորեն բարդ աշխարհում: Երանի պարզ լինեի և չմեռնեի ամեն առավոտ` գիշերը վերածնվելու համար: Երանի բարդ չլինեի` պարզ լինելու համար, գոյատևելու և ոչ թե ապրելու համար: Իմ բարդությունը սպանում է ինձ:
Իմ հայրը պարզապես հայր էր, աշխարհի ամենալավ հայրը: Շնորհակալ եմ նրան, որ կամ, որ այն եմ եղել, ինչ որ եղել եմ: Պայրս էլ իր հորն էր շնորհակալ: Նա էլ իր հորը: Պապուս պապն էլ` իր հորը: Փաստրեն մենք շնորհակալ եղող ազգ ենք, մենք մասրենի ազգ ենք, մենք ամեն ինչ տեսած, բայց պատվով ապրած ազգ ենք: Մենք պիտի ապրենք, պիտի արարենք, պիտի ծնենք ու շատանանք: Չլինի այնպես, որ փորձության միջից դուրս չգանք: Հանկարծ պարտվենք: Ապրեցինք ամենադժվարը: Իսկ հիմա հանկարծ, զավակնե´րս, չլինի այնպես, որ մեր ու ձեր կյանքը գետնով տաք ու չապրենք, չարարենք, չապրենք մի բուռ մնացած, քարտեզի վրա մի արցունքի կաթիլի նմանվող երկրում… Չլինի այնպես, որ չլինենք: Աստված չանի, որ չլինենք: Աստված չանի, որ Աստված էլ որոշի չլինի:
Կլինենք:
Հայր, Որդի և Սուրբ Հոգի … Ամեն: