Արցախ․
Պատմության ուսուցչուհի
Մարդիկ ապրում են այնքան ժամանակ, որքան հիշում են իրենց…
Որքան մեծ է տոհմածառը, այնքան լավ է հիշողությունը, խորն են արմատները,
կարեւոր են արժեքները:
Իմ տոհմածառը կազմված է 6 սերունդներից: Սկսել եմ հայրական ու մայրական
կողմի պապիկներիս տատ ու պապիկներով՝ հասցնելով մինչեւ մեր օրեր, որքան թույլ է
տվել հիշողությունը: Շարադրանքը սկսել եմ հայրական կողմի նախանախապապից՝ Ասրի
Իսրայելյանից, հասցնելով մինչեւ մեր օրեր, մինչեւ իմ զարմիկներ: Այնույետեւ ներկայացրել
եմ մայրական կողմը՝ սկսելով Շիրին Գրիգորյանից:
Մենք արմատներով Խաչեն գյուղից ենք։ Նշված 6 սերունդներից 4-ը ապրել է
այնտեղ, վերջին երկուսը սերտ կապված է։ Խաչենը Արցախի հնագույն գյուղերից է։
Նախկինում կոչվում էր նաեւ Սեյդի շեն։ Սեյտին, Բ. Ուլուբաբյանի կարծիքով, Հասան
Ջալալ իշխանի տոհմի շառավիղներից է։ Գյուղի ծերերը պատմում են, որ Հասան Ջալալյան
տոհմի իշխան Աղբաստի մահից հետո 1456թ. նրան փոխարինած Սայտին կամ Սեյտին
հիմնել է գյուղը։ Ծննդով խաչենից են բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ անդամ Սերգեյ Սրինյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սեւակ Արզումանյանը, գրող եւ մանկավարժ Ղազարոս Աղայանը, ում ծնողները դեռեւս 200
տարի առաջ գաղթել են Խաչենից եւ հաստատվել Բոլնիս-Խաչենում։
1-ին սերունդ՝ նախանախատատ ու նախանախապապ
Ասրի եւ Նանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆԵՐ
Ապրել են Խաչեն գյուղում: Ունեցել են 4 երեխաներ՝ Հայրապետ, Ջումշուդ, Սոնա,
Միշա:
2-րդ սերունդ՝ նախատատ ու նախապապ
Ջումշուդ եւ Լուսնյակ
Ջումշուդ Իսրայելյանը իրենց տան 2 -րդ զավակն էր: Ծնվել է 1896թ. Խաչեն
գյուղում: Նա ցածրահասակ էր, կանաչ աչքերով, միջին կազմվածքով: Խաչեն գյուղի
հովտում գտնվող ջրաղացի ջրաղացպանն էր: Դժվար էին ապրում: Հազիվ էր օրվա հացը
վաստակում: Ամուսնացած էր Լուսնյակ Ղահրամանյանի հետ: Ունեցել են 6 երեխա՝
Թամարա, Նինա, Նորա, Մուրադ, Բորիկ, Ժորա:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ամուսնու պատերազմից հետ
վերադառնալուց հետո Լուսնյակի մոտ սկսվում է էպիլեպսիա /ասում են սթրեսից/:
Ջումշուդ պապը մահացել է 1980թ.:
3-րդ սերունդ՝ տատ ու պապ
Մուրադ եւ Աննա
Պապս՝ Մուրադ Իսրայելյանը, ծնվել է 1934թ հունվարի 1-ին Խաչեն գյուղում:
Ընտանիքի 4-րդ զավակն էր: Երկար սպասված առաջին արու զավակը: Երեւի դրա
համար էր, որ քույրերը հատուկ սեր եւ ուշադրություն ունեին Մուրադի եւ իր երեխաների
նկատմամբ: Ուսումը ստացել է գյուղի 8-ամյա դպրոցում, ապա շարունակել հարեւան
Խնձրիստան գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Աննա
/Անիկ Աղաջանյանին: Նա Խնձրիստան գյուղից էր. սովորում էին նույն դասարանում:
Ծառայել է Մոսկվայի շրջանի Կալուգա քաղաքում: Նա բարձրահասակ էր, միջին
կազմվածքով: Մեծ ուշադրություն էր դարձնում ինքնակրթությանը, սիրում էր կատակել,
արտասանել, երգել: Իր սիրած երգերն էին «Ինչպես արծիվ սավառնում ես լեռներում»,
«Հով սարեր, մով սարեր», «Սյունյաց սարեր»: Նա հետաքրքիր զրուցակից էր, լավ
սեղանապետ, ճանաչված եւ շրջապատում հարգված:
Ստացել է հաշվապահական կրթություն: Գյուղի միակ խանութի խանութպանն էր
երկար տարիներ մինչեւ 1974թ.: Այնուհետեւ տեղափոխվել է Ասկերանի Շրջսպառ
ընկերություն որպես ռեւիզոր: Նվիրված աշխատել է այդտեղ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը:
Որից հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես բրիգադիր: Մահացել էր 2011թ
հուլիսի 13-ին: Ամուսնացել էր Աննա /Անիկ Աղաջանյանի հետ: Աննա անունով իրեն
համարյա չեն դիմել: Բոլորը դիմում են Անիկ կամ Անի մամ անունով: Ունեցել են 5
երեխաներ՝ Շմավոն, Սուսաննա, Քաջիկ, Աշոտ, Նունե:
Անիկ տատիկը ծնվել է 1934թ. օգոստոսի 3-ին: Կրթություն չուներ. որպես
հավաքարար աշխատել էր դպրոցում: Ներկա պահին ապրում է Երեւանում: Ծնողներն են
Աթանես եւ Քոլա Աղաջանյանները: Նրանք ունեցել են 7 երեխա, որոնց մեծացրել են մեծ
դժվարությամբ: Ապրել են Խնձրիստան գյուղում:
4-րդ սերունդ՝ ծնողներս
Շմավոն Իսրայելյան + Իրինա Գրիգորյան
Հայրս՝ Շմավոն Իսրայելյանը, ընտանիքի առաջնեկն է: Ծնվել է 1960թ. մարտի 5-
ին: Կրթություն ստացել է հայրենի Խաչեն գյուղում, ապա շարունակել Խնձրիստանի
միջնակարգ դպրոցում: 1978-1980թթ ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ
բանակում՝ Մայնինգեն քաղաքում: 1983-1988թթ. սովորել է Պոլտավայի առեւտրի
ինստիտուտի Բաքվի մասնաճյուղում որպես տնտեսագետ-հաշվապահ: Սկզբից
աշխատել է Ասկերան քաղաքում: 20 տարի ծառայել է ՊԲ-ում մասնագիտությամբ:
Ամուսանցել է Իրինա Գրիգորյանի հետ 1985թ. հուլիսի 27-ին: Ունեն 2 դստրեր՝
Արմինե եւ Լիլիթ: Ապրել են Արցախում, տեղահանվել են 2023թ. սեպտեմբերյան
պատերազմից հետո: Այժմ բնակվում ենք Երեւանում:
Ծնողներս ոչ միայն նույն գյուղից են, այլեւ հարեւաններ են: Ըստ իրենց ասածի
մինչեւ զույգ դառնալը նույնիսկ իրար չէին էլ բարեւում:
5-րդ սերունդ՝ ես ու քույրս
Արմինե եւ Լիլիթ
Արմինեն ընտանիքի առաջնեկն է: Ծնվել է 1986թ. հունիսի 13-ին: Միջնակարգ եւ
բարձրագույն կրթություն ստացել է Ստեփանակերտում: Աշխատել է Ստեփանակերտի
ԿԸՀ-ում որպես մամուլի քարտուղար: Ամուսնացել է Տիգրան Գրիգորյանի հետ 2011թ.
օգոստոսի 7-ին: Ունեն 2 զավակ՝ Դավիթ եւ Վահե: Տեղահանվել են 2023թ. սեպտեմբերյան
պատերազմից հետո: Ապրում են Երեւան քաղաքում: Աշխատում է Հայ-Սլավոնական
համալսարանում:
Ես՝ Լիլիթ Իսրայելյանս (տոհմածառի հեղինակ), ծնվել եմ 1989թ. դեկտեմբերի 28-
ին: Միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստացել եմ Ստեփանակերտում: Ապրելով Ստեփանակերտում 9 տարի աշխատել եմ Խաչենի միջնակարգ դպրոցում՝ որպես
պատմության ուսուցչուհի (զուգահեռ աշխատել եմ նաեւ տարբեր վայրերում): 2020թ.
սեպտեմբերից մինչեւ տեղահանություն աշխատել եմ Արցախի ԿԳՄՍ նախարարության
կրթության պետական տեսչությունում՝ որպես պատմության տեսուչ: Ներկայումս ապրում
եմ Երեւանում: Հիմա էլ դասավանդում եմ Երեւանում: Դեռ ամուսնացած չեմ։
6-ին սերունդ՝ զարմիկներս
Դավիթ եւ Վահե
Դավիթը քրոջս ընտանիքի առաջնեկն է: Ծնվել է 2012թ. սեպտեմբերի 24-ին,
Ստեփանակերտում: Վահեն ծնվել է 2014թ. հուլիսի 21-ին, Ստեփանակերտում:
Կրթություն ստանում էին Ստեփանակերտի թիվ 5 հիմն. դպրոցում: Զբաղվում էին Ձյուդո
մարզաձեւով: Տեղահանվելուց հետո կրթությունը շարունակում են Երեւանում:
1-ին սերունդ՝ նախանախատատ ու նախանախապապ
Շիրին եւ Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
Ապրել են Խաչեն գյուղում: Ունեցել են 7 երեխաներ՝ Առստամ, Ջավադ, Անինկա,
Սիրանուշ, Վանի, Աղալար/Աղալով/, Աշխեն
2-րդ սերունդ՝ նախատատ ու նախապապ
Առստամ եւ Արֆենիկ
Առստամ պապը իրենց ընտանիքի առաջնեկն էր: Ծնվել է 1885թ. Խաչեն գյուղում:
Բարձրահասակ, գեղեցկադեմ, համեստ, քչախոս տղամարդ էր: Կեղտոտ բառեր չէր
օգտագործում եւ երբեք ձայն չէր բարձրացնում: Ամենակոպիտ արտահայտությունը եղել է
«շուն շան որդի»: Թեկուզ ողջ կյանքը ապրել է գյուղում, բայց շատ քաղաքավարի էր,
ազնվականի պահվածքով, միշտ խնամված ու կոկիկ: Կրթություն չի ունեցել:
Մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմին, որի ընթացքում վիրավորվում
է մեջքից եւ ահագին ժամանակ պառկում հոսպիտալում: Վիրավորումից հետո չի
կարողանում այլեւս կատարել գյուղատնտեսական ծանր աշխատանք: Ուստի բացում է
կրպակ, զբաղվում մանրածախ առեւտրով եւ գինու վաճառքով: Ամուսնացած էր Արֆենիկ
Արզումանյանի հետ: Ունեցել են 7 երեխա՝ Սերգեյ, Գրիգորի, Անյուտա, Թամարա,
Անիշկա, Խաչատուր, Ալեքսանդր: Երեխաներից երեքը՝ Սերգեյը, Գրիգորին եւ Թմարան
մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Թամարան զենիթուհի էր: Պատերազմի
ժամանակ զոհվում է իր նշանածը: Նա այլեւս չի ամուսնանում: Ընտանիք չի ունենում:
Հայրենական պատերազմին մասնակցել է նաեւ Առստամի եղբայր Վանին (Իվան):
Պատերազմի ընթացքում Առստամի եղբայր Վանին ու որդիներից Գրիգորին գերի են
ընկել եւ պատահաբար հանդիպել իրար համակենտրոնացված ճամբարներից մեկում
(հայտնի չէ քաղաքի անունը): Վանին հազիվ է ճանաչում իր եղբորորդուն՝ Գրիգորիին, ով
գրեթե մահամերձ էր, ում մարմինը լրիվությամբ ուռած էր անհասկանալի սնունդից եւ նա
դարձել էր անճանաչելի (ասում են ձայնից է ճանաչել): Վանին, որ ճարպիկ էր եւ մի քիչ
հասցրել էր տիրապետել գերմաներենին, կարողացել է խնամել եւ ոտքի կանգնեցնել
եղբորորդուն: Հետագայում Գրիգորը հաճախ էր ասում «Վանին չլիներ ես տուն հասնել չէի
կարող»: Պատերազմի մյուս մասնակից Սերգեյը հասել էր մինչեւ Կերչ: Առստամ
Գրիգորյանը մահացել է 1972թ. փետրվարի 4-ին:
Առստամի կին Արֆենիկ Արզումանյանի ծնողներն էին Սահակ եւ Թագուհի
Արզումանյանները: Սահակը ծննդով Ռեւ գյուղից էր: Ապրում էին Բաքու քաղաքում 19-րդ
դարի կեսերից: Սահակը արհեստավոր էր, բարեկեցիկ կյանքով էին ապրում:
Պատահական չէ, որ կնոջ՝ Թագուհու, գոտին, գլխազարդը եւ տարազի այլ արդուզարդեր
ոսկուց էին: Սահակն ու Թագուհին իրենց ոսկին վաճառելու շնորհիվ կարողացան
մազապուրծ լինել Բաքվի 1905-1906թթ. hայ-թաթարական ընդհարումներից, ընտանիքով
փրկվել սովից ու մահից եւ հաստատվել հայրենի Ռեւ գյուղում: Քաղաքային կյանքը
փոխվեց գյուղական կյանքով: Արդեն նախկին հնարավորությունները չկային: Սահակ
պապը իր Թագուհի կնոջը թագուհուն վայել էր պահում: Ծանր էր տանում, որ կինը այլեւս
նախկին հարմարությունները եւ արդուզարդերը չուներ եւ ի վիճակի չէր ֆինանսապես
վերականգնել նախկին ունեցածը: Եվ ստիպված էր ոսկու փոխարեն տարազի գոտին ու
մնացած արդուզարդը փոխարինել արծաթով, որից փոքր մաս հասել է մինչեւ մեզ (մորս
մոտ, որը, ցավոք, մնաց Արցախում՝ մեր տանը):
Սահակն ու Թագուհին ունեցել են 4 երեխա՝ Սաթենիկ, Վարսենիկ, Արֆենիկ,
Սուրեն: Արֆենիկը ծնվել է 1885թ Բաքու քաղաքում: 10 տարեկան էր, երբ 1905-1906թթ.
ջարդերից փրկվելով տեղափոխվել են հայրենի Ռեւ գյուղ: Լինելով արհեստավորի դուստր
ընտանիքում հարգի էր արհեստը: Արֆենիկը սովորել է դերձակություն մորից՝
Թագուհուց: Տնային տնտեսուհի էր եւ գյուղի միակ դերձակը: Մահացել է 1983թ.:
3-րդ սերունդ՝ տատ ու պապ
Խաչատուր եւ Ռոզա
Պապս՝ Խաչատուր Գրիգորյանը, Առստամի եւ Արֆենիկի 6-րդ երեխան էր: Ծնվել
է 1928թ. մայիսի 2-ին։ Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը: Տարիներ անց միջնակարգը
ավարտել է երեկոյան դպրոցում: 7-րդ դասարանը ավարտելուց հետո սկսել է աշխատել
կոլտնտեսությունում, սկզբում որպես դաշտավարական աշխատանքների օղակավար,
չափահաս դառնալուց հետո ստացել է տրակտորիստի մասնագիտությունը: Ծառայել է
ԽՍՀՄ բանակում, Մոսկվայում՝ Կրեմլի պատվո պահակախմբում:
Էությամբ աշխույժ, հյուրասեր, առատաձեռն, աշխատասեր շատ ճարպիկ, լեզվով
հռետոր, անզուգական սեղանապետ, հետաքրքիր զրուցակից էր: Սա այն դեպքում, երբ
կրթություն չուներ, բայց շատ սիրել ու զբաղվել է ինքնակրթությամբ: Ժամերով կարող էր
արտասանել, անգիր գիտեր հայրենական պատերազմի ողջ պատմությունը: Մաքուր
տիրապետում էր ադրբեջաներենին ու պարսկերենին: Հայտնի էր մարզում եւ շրջանում:
Որպես առաջավոր աշխատող մասնակցել է 1959թ. Մոսկվայում կայացած ԽՍՀՄ
ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին /ВДНХ/: Տրակտորիստից
հասել է կոլտնտեսության վարչության նախագահի ու սովխոզի դիրեկտորի պաշտոնի:
Սիրում էր տեղեկացված լինել, ուստի միշտ հետեւում էր նորություններին
ռադիոյով: Շատ էր սիրում ծխել: Տանը ուներ 2 մեծ լուսանկար՝ մեկը Անդրանիկը, մյուսը
Ստալինը: Մանուկ ժամանակ իմ հարցին, թե ովքեր են՝ պատասխանում էր. «Անդրանիկն
է՝ պայքարեց հայության գոյության համար, Ստալինն է՝ պայքարեց ԽՍՀՄ գոյության
համար»: Խաչատուրը մահացել է 2018թ. հուլիսի 11-ին, 90 տարեկան հասակում:
Ձորակում հայտնի էր Խաչի պապ անունով:
Ամուսնացել էր Ռոզա Բալայանի հետ 1954թ.: Ունեն 5 երեխաներ՝ Վաչիկ, Հրաչիկ,
Վեներա, Իրինա, Մարինա։
Տատս՝ Ռոզա Բալայանը, ծնվել էր 1928թ. օգոստասի 28-ին: Տնային տնտեսուհի
էր, իսկ ազատ ժամանակ, եթե, իհրակե, ունեցել է, աշխատել է որպես դերձակուհի:
Հյուրասեր էին եւ ինչպես իրենք էին ասում «օր չկար, որ հյուր չունենայինք»: Հասնելով
թոշակի տարիքի տատս հաճախ էր կատակով ասում «եթե այսքան ժամանակ մի
ռեստորանում որպես խոհարար կամ մատուցողուհի աշխատած լինեի լիքը ստաժ
կունենայի»: Նա քաղցր ձայն ուներ: Ժողովրդական եւ աշուղական երգերի մեծ սիրահար
էր: Հատկապես երգում էր Սայաթ-Նովա: Մահացել է 2011թ. նոյեմբերի 15-ին:
Ռոզա տատի ծնողներն էին Ճաղար եւ Բալախանում Բալայանները: Ունեցել են
3 երեխաներ՝ Ռոզա, Լենա, Բորիկ: Ռոզա տատիկը առաջնեկն էր: Ճաղար Բալայանը
կոլտնտեսական էր, իսկ Բալախանում Բալայանը կոմունիստական կուսակցության
անդամ էր, ակտիվիստ: Հաճախ էր մասնակցում կուսակցական ժողովների եւ այդ
զբաղվածությունն էր պատճառը, որ դայակ էր պահում Ռոզային խնամելու համար:
4-րդ սերունդ՝ ծնողներս
Շմավոն Իսրայելյան + Իրինա Գրիգորյան
Մայրս՝ Իրինա Գրիգորյանը, իրենց ընտանիքի 4-րդ երեխան է: Ծնվել է 1962թ.
նոյեմբերի 26-ին, Խաչեն գյուղում: Խաչատուր Գրիգորյանի 5 երեխաներից միակն է, ով
ստացել է բարձրագույն կրթություն: 1979-83թթ. սովորել է Ստեփանակերտի
մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու եւ գրականություն ֆակուլտետում: 3 տարի
աշխատել է հարեւան Խնձրիստան գյուղի միջնակարգ դպրոցում: 1985թ. հուլիսի 27-ին
ամուսնացել է Շմավոն Իսրայելյանի հետ: Ունեն 2 դուստր՝ Արմինե եւ Լիլիթ: Ավարտելուց
հետո 3 տարի աշխատել է Խնձրիստանի դպրոցում։ 1987թ. Խաչենից տեղափոխվել են
Ստեփանակերտ: 1988թ փետրվարի 1-ից մինչեւ 2023թ. սեբտեմբերի 19 աշխատել է
Արցախի հանրային հեռուստատեսությունում ծրագրերի եւ թողարկման բաժնում: